armtimes.com: ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ այն հարցին, թե վերջին մեկ տարվա ընթացքում ներդրումներով պայմանավորված քանի՞ նոր աշխատատեղ է բացվել Հայաստանում: Խաչատրյանը նշեց, որ նախարարությունը լրատվամիջոցներին տեղեկանք կփոխանցի, որտեղ ներկայացված կլինեն այն աշխատատեղերը, որոնք ստեղծվել են Կառավարության կողմից արտոնություններ ստացած ծրագրերի շրջանակներում:
«Բայց մենք ամեն ստեղծվող աշխատատեղերի մասին չէ, որ գիտենք, գիտենք միայն այն դեպքում, երբ այդ ծրագիրն իրականացնողը դիմել է մեզ: Մեկ նրբություն կա, երբ կառավարությունը ծրագիրը հաստատում է, տնտեսվարողն ասում է, որ իրեն տանք երեք տարվա արտոնություն, որպեսզի իրականացնի իր ծրագիրը եւ ստեղծի, ենթադրենք, 960 աշխատատեղ: Բայց դա չի նշանակում, որ նրա թվարկած բոլոր աշխատատեղերը ստեղծվելու են առաջին եռամսյակի ընթացքում:
Նույն կերպ այսօր ստեղծվում են աշխատատեղեր, քանի որ կառավարությունը երկու տարի առաջ արտոնություն էր տվել, եւ այդ ծրագրի իրականացումը սկսվել է երկու տարի առաջ: Այսինքն՝ եթե մենք ցանկանում ենք իմանալ, թե այս ժամանակահատվածում ինչ աշխատատեղեր են ստեղծվել, պետք է նայենք նախորդ եւ այդ ընթացքում տրված ծրագրերի արտոնություններին»,- ասաց Խաչատրյանը:
Խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարված 50 հազար նոր աշխատատեղերի մասին հարցին, Տիգրան Խաչատրյանը նշեց, որ դրա մասին շատ է խոսվել, եւ դա ունի իր բացատրությունը:
«Վիճակագրությունը չի կարող տարբերել, որ այդ աշխատատեղը, որը ստեղծվել է, իր մասին հայտարարություն է ներկայացրել հարկային մարմին եւ սկսել հարկեր վճարել, այն նոր աշխատատեղերն են: Մեր գնահատմամբ՝ այդ 50 հազար աշխատատեղերի 1/5 մասը նոր աշխատատեղեր են»,- ասաց Խաչատրյանը: