lragir.am: «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Լ․ Բաղդասարյանը դատապարտյալ Արթուր Մ․-ին վաղաժամկետ ազատ արձակելու կամ պատժատեսակը փոփոխելու հարցը դատարան չի ներկայացնում՝ պատճառաբանելով, թե նրա մասին Քրեակատարողական ծառայության և Պրոբացիայի ծառայության զեկույցները բացասական են։
Այս մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին Լ․ Բաղդասարյանը տեղեկացրել է 2019թ․ մարտի 12-ին։
Որոշումը ՔԿՀ պետը կայացրել է 2019թ․ փետրվարի 21-ին։ Նկատենք, որ Պրոբացիայի ծառայությունը դատապարտյալ Արթուր Մ․-ի վերաբերյալ փետրվարի 15-ին տրված եզրակացությունում բոլոր կետերով նշում է, որ դատապարտյալը դրական է բնութագրվում , ներգրավված է հիմնարկի տեխնիկական աշխատանքներում, քրեական ենթամշակույթի նկատմամբ անտարբեր է, հանցանքն ընդունում է, պատիժը համարում համաչափ։ Նշում է նաև, որ դատապարտյալը համագործակցել է Պրոբացիայի ծառայության հետ, երբևէ տույժի չի ենթարկվել, արժանացել է խրախուսանքի։
Բոլոր կետերում դրական բնութագրելուց հետո Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային բաժնի առաջատար մասնագետ Ղ․ Նազարյանը զեկույցի վերջում եզրակացնում է, որ դատապարտյալը նախկինում երկու անգամ դատապարտված է եղել, և դրանից, նրա պնդմամբ, հետևում է, որ մեծ է կրկնահանցագործության ռիսկը։