e6c633b742c5f5b4f4345f64fcfa6fe8.jpg

Ծնողների պարտականություններն ամենևին «ֆոնդի», «սեղանների» ու ծաղիկների համար գումարներ հավաքելը չեն․ Մարիամ Չախոյան

Ինչպե՞ս ծնողը կարող է և պետք է մասնակցի իր երեխայի կրթական գործընթացին, ի՞նչ են ծնողական խորհուրդները և ինչ բարեփոխումների կարիք ունեն․ այս և այլ հարցերի մասին զրուցել ենք Կրթական քաղաքացիական նախաձեռնության և «Ծնողական մեծ ժողովի» նախաձեռնող խմբի անդամ, «Թուխմանուկ» կրթական և իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Մարիամ Չախոյանի հետ։

-Ի՞նչ են իրենցից ներկայացնում ծնողական խորհուրդները և արդյո՞ք միայն դրանցով է սահմանափակվում ծնողների մասնակցությունը կրթական կյանքին։

ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրության 102-րդ հոդվածի 14 կետերը ծնողին բավականին լայն լիազորություններեն շնորհում։ Նկատենք, որ սա օրինակելի կանոնադրություն է և ցանկության ու ջանքեր գործադրելու դեպքում կարելի է հասնել նույնիսկ դրա շրջանկի ընդլայմանը՝ ներառելով, օրինակ, ֆինանսական վերահսկողությունը։

-Ի՞նչ կարող են անել ծնողական խորհուրդները։ Ո՞րն է դրանց հիմնական առաքելությունը։

Ինչպես արդեն նշեցի, ծնողական խորհուրդների լիազությունները բավականի լայն են, իսկ դրանց միջոցով ծնողի մասնակցության բավարար հնարավորությունները՝ ապահովված։ Որքան էլ զարմանալի թվա, ծնողների պարտականություններն ամենևին «ֆոնդի», «սեղանների» ու ծաղիկների համար գումարներ հավաքելը չեն։ Կրթության ոլորտում ծնողները մասնակիցներ են, և սա ամրագրված է օրենսդրությամբ։

102-րդ հոդվածում ամրագրված լիազորությունների բավականին լայն շրջանակից առանձնացնեմ այս երեքը՝ օգնում է դպրոցին՝ սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում, մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների, ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը դպրոցում։ Սա արդեն բավարար է, որ հասկանանք ծնողի դերի ու մասնակցության կարևորությունը կրթական գործընթացում։

Սրանից զատ, որպես հասարակության անդամ, կարող է նաև վերահսկել ֆինանսական կառավարումը։ Արդեն նշեցի, որ հնարավոր է նաև ընդունել այնպիսի կանոնադրություն, որտեղ այս կետը ներառված կլինի, բայց այս ուղղությամբ հարկավոր է աշխատել։ Շատ կարևոր է, որ հանրակրթական դպրոցում սովորող երեխայի ծնողը գիտակցի, որ իր մասնակցությունը երեխայի կրթական գործընթացին վճռորոշ դեր կարող է խաղալ․ հարկավոր է ոչ թե ծառայել և սպասարկել դպրոցի ղեկավար անձնակազմին, ինչպես հաճախ ծնողներն ընկալում են այդ գործառույթը, այլ սպասարկել ու ծառայել երեխայի շահերին՝ իրականացնելով վերահսկողություն, դրսևորելով նախաձեռնողականություն՝ ուղղված կրթության որակի բարելամանը։

Շատ կարևոր է, որ ծնողը հասկանա, որ պահանջելուց բացի ինքը ևս ունի մասնակցելու իրավունք ու պարտականություն․ միայն այսպես կարելի է դպրոցի ղեկավարությանը սովորեցնել լինել հաշվետու, ձգտել ու հասնել կրթության ոլորտում ցանկալի արդյունքների։

-Կա՞ն արդյոք օրենսդրական բացեր այս համատեքստում, թե՞ խնդիրները հենց այդ խորհուրդների գործունեության հետ են կապված։

Առայժմ սկսելու ենք խորհուրդների ակտիվացման գործընթացից․ օրենսդրական բացերի վերանայումից դեռևս վաղ է խոսել։ Պետք է տեսնենք, թե գործող օրենսդրության դրույթները որքան լավ են աշխատում և որքանով հնարավոր է մեր օրակարգային հարցերն առաջ տանել դրանց միջոցով։

-Արդյոք դպրոցներում այժմ գործող ծնողական խորհուրդները բավարարում են այդ կառույցի գործունեության պայմաններին։ Ի՞նչ խնդիրներ կան։

Մեծ մասամբ ոչ, իհարկե։ Բայց պետք է ուրախությամբ նկատել, որ գարնանային հեղափոխության շունչը հասել է նաև ծնողական խորհուրդներին։ Արդեն բազմաթիվ դեպքեր կան, որ լսում ենք, թե ինչպես են մարդիկ հրաժարվում դրամահավաքությունից և մտածում իրենց մասնակցությունն ավելի արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի սա՝ ինչպե՞ս է ինքը պատրաստ մասնակցելու իր երեխայի կրթությանը, միայն տանը դասերը սովորելիս օգնելո՞վ, արդյո՞ք սա բավարար է․ ո՛չ, իհարկե։

Ի դեպ, Գերմանիայում ծնողներից յուրաքանչյուրը պատրավորություն ունի մասնակցելու դպրոցական կրթությանը՝ իր կարողությունների չափով։ Մարդիկ դաս են վարում, պատմում են իրենց մասնագիտության մասին, մյուսները կարող են նորոգել դպրոցի գույքը և այլն։ Այս ամենը ձեզ ավելի է մտերմացնում ձեր երեխայի հետ, օգնում է ճանաչելու նրա ընկերներին, ընկերանալու մյուս երեխաների ծնողների հետ։ Միասին որևէ նախաձեռնության մասնակցելն ավելի է մտերմացնում ու նպաստում հասարակության ինտեգրմանն ու միասնականությանը։

-Որո՞նք են ծնողական խորհուրդների գործունեությունը ավելի արդյունավետ ու նպատակային դարձնելու ճանապարհները, ըստ Ձեզ։

Մեզ մոտ սկիզբ առնող ծնողական շարժումներին օժանդակելու և ավելի միասնական լուծումներ տալու նպատակով է հենց, որ Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը հանդես եկավ Ծնողական մեծ ժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Անդրանիկ հանդիպումը տեղի ունեցավ բոլորովին վերջերս՝ մայիսի 4-ին։ 

Ծնողական մեծ ժողովը նպատակ ունի քննարկել ծնողների ուշադրության կենտրոնում գտնվող հիմնախնդիրները և դրանց շուրջ ձևավորել հանրային օրակարգ` նպաստելով ծնողների շարժման կայացմանը։ Խմբի անդամ կարող են դառնալ ազատ, ժողովրդավարական հասարակության արժեքներն ու սահմանադրական հիմնադրույթները կիսող ծնողները, ծնողական կրթությանը մասնակցող մասնագետներն ու ծնողների ինքնակազմակերպմանը նպաստող անձինք։

Սա, կարելի է ասել, խորհրդի ավելի ընդլայնված տեսակ է, որին, հույս ունենք, կմիանան հանրապետության բոլոր մարզերից։ Ի դեպ, հենց առաջին հանդիպմանն արդեն մեզ են միացել Գյումրու ծնողական խորհուրդների անդամները։

Յուրաքանչյուր ծնողի մասնակցությունը՝ նրա սրտացավությունը, մտահոգության աստիճանը, ներգրավվելու պատրաստակամությունն ու ակտիվությունն այս փուլում շատ կարևոր են։ Մենք հույս ունենք, որ հաջողության պատմություններն ու լավ օրինակները վարակիչ են լինելու։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն