hetq.am: Հայաստանի բանկային համակարգի շահույթն այս տարվա առաջին եռամսյակում շուրջ 20 %-ով կրճատվել է։ Ո՞րն է այս նվազման պատճառը, ինչպե՞ս են բանկերն ավարտել նախորդ տարին, ի՞նչն է բանկերին խանգարում ավելի մեծ ծավալներով ֆինանսավորել տնտեսությունը։ Այս և այլ հարցերի շուրջ «Հետքը» զրուցել է «Մոդեքս» խորհրդատվական ընկերության տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանի հետ։
Բանկերի 2018 թվականի գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներն աճել են։ Հետևաբար, կարո՞ղ ենք արձանագրել, որ տարին բարենպաստ է եղել նրանց համար։
Ընդհանուր առմամբ, 2018 թվականը կարելի է համարել հաջող տարի Հայաստանի բանկային համակարգի համար։ Բավական է նշել, որ 2018 թվականին Հայաստանի բանկային համակարգն իր պատմության ընթացքում արձանագրել է ամենամեծ զուտ շահույթը՝ շուրջ 62 մլրդ դրամ։ Միաժամանակ արձանագրվել է ինչպես վարկային ներդրումների աճ` 17.2 %-ով, այնպես էլ հաճախորդների նկատմամբ պարտավորությունների՝ ավադների աճ, որը կազմել է 12.6 %:
Նախորդ տարի հեղափոխությունն ազդեցություն ունեցա՞վ բանկերի աշխատանքի վրա։
Եթե խիստ մասնագիտական դիրքերից մոտենանք, ապա պետք է ասել, որ դրա գնահատականը չկա։ Համենայն դեպս, մասնագիտական լայն շրջանակներին հայտնի չի։ Մենք չունենք գնահատական, թե բազիսային սցենարի դեպքում, այսինքն՝ առանց հեղափոխության, ինչ արդյունքներ պիտի ունենայինք, որ համեմատենք փաստացի արդյունքների հետ։ Միաժամանակ, եթե դատելու լինենք ըստ գործարար սպասումների (մեր ընկերության գործունեության բնույթից ելնելով շատ եմ շփվում տարբեր գործարարների հետ), կարող ենք ասել, որ գործարար շրջանակներում, այնուամենայնիվ, որոշակի անորոշություն կար, ինչը թերևս չէր կարող չանդրադառնալ գործարար ակտիվության վրա և հետևաբար նաև բանկերից վարկեր վերցնելու վրա։ Իսկ տնային տնտեսությունների սեգմենտի մոտ անորոշությունն ավելի փոքր էր, սպասումներն առավելապես դրական էին, ինչը զուգորդվեց այլ գործոնների հետ և արդյունքում մենք ականատես եղանք նրան, որ 2018 թվականին Հայաստանի բանկերի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճեց ավելի քան 22%-ով կամ որ նույնն է՝ 46.2 մլրդ դրամով։ Ընդհանուր առմամբ, պետք է նշել, որ բանկային համակարգը հեղափոխության օրերին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր երկրի կայացած ինստիտուտներից մեկն է։
Որ ոլորտներին են ավելի ակտիվ վարկավորել Հայաստանի բանկերը 2018 թվականին
Բանկերը հրապարակել են այս տարվա առաջին եռամսյակի ֆինանսական հաշվետվությունները, որոնցից պարզ դարձավ, որ նրանց մեծ մասի շահույթը կրճատվել է։ Ինչո՞վ է դա պայմանավորված։
Այո՛, ճիշտ եք նկատել, այս տարվա առաջին եռամսյակում բանկերի զուտ շահույթը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվել է մոտ 20%-ով։ Ինչպես գիտեք, 17 առևտրային բանկերից 11-ի դեպքում արձանագրվել է զուտ շահույթի անկում։ Ահա, երբ ուսումնասիրում ենք այդ 11 բանկերի ֆինանսական հաշվետվությունները, տեսնում ենք, որ պատճառները բազմազան են։ Օրինակ՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի» և «Էյչ Էս Բի Սի Բանկ Հայաստանի» դեպքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են զուտ մասհանումները ակտիվների արժեզրկումից կորուստների պահուստին, «ՎՏԲ-Հայաստան բանկի» դեպքում՝ կրճատվել են վճարային քարտերի սպասարկման գծով և առևտրային գործառնությունների գծով զուտ եկամուտները, «Յունիբանկի» դեպքում աճել է աշխատավարձային ֆոնդը և այլն։ Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել «Արցախբանկի» մոտ. անցած տարվա առաջին եռամսյակում բանկին հաջողվել էր այլ ակտիվների գծով հետհաշվեկշիռ դուրս գրված գումարների վերադարձ կատարել, ինչի արդյունքում բանկը 1.4 մլրդ դրամի եկամուտ էր ճանաչել առաջին եռամսյակում, իսկ այս տարի, քանի որ նման իրավիճակ չկա, բանկի զուտ շահույթը կտրուկ նվազել է։
Այս տարվա սկզբին Կենտրոնական բանկը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: Սա որքանո՞վ կարող է ազդել բանկերի տրամադրած վարկերի տոկոսադրույքների վրա։
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերանայման նպատակը որպես կանոն պահանջարկի խթանումն է կամ զսպումը։ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ նվազեցրեց այս տարվա հունվարի վերջին՝ հաշվի առնելով 2018 թվականի տարեվերջին արձանագրված ցածր գնաճը։ Ասեմ ավելին՝ չեմ բացառում, որ առաջիկայում ևս Կենտրոնական բանկը որոշում կայացնի վերաֆինասավորման տոկոսադրույքի նվազեցման վերաբերյալ, քանի որ այս տարվա առաջին եռամսյակում ևս գնաճը բավականին ցածր է եղել սահմանված թիրախային միջակայքից՝ 4%±1.5%-ից:
Ինչ վերաբերում է վարկավորման տոկոսադրույքների և ծավալների վրա ազդեցությանը, հիշում եմ, որ 2018 թվականի մայիսին խորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահը հայտարարեց, որ 2015-2017թթ. վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցման արդյունքում վարկավորման տոկոսադրույքները կրճատվել են 4 տոկոսային կետով, իսկ վարկային պորտֆելն աճել 20%-ով: Ես ինքս կդժվարանամ ասել, որ այսպիսի փոփոխությունը միայն վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցման արդյունք է, քանի որ միաժամանակ աշխատում են տարբեր գործոններ։ Այդուհանդերձ, դատելով ընթացիկ միտումներից կարծում եմ, որ առաջիկայում մենք կունենանք վարկավորման տոկոսադրույքի կրճատում։
Այս պահին ուրիշ ի՞նչ գործոններ կան, որոնք ազդել են կամ կարող են ազդել վարկերի տոկոսադրույքների վրա։
Իրականում, մեր բանկերը միշտ կանգնած են եղել մի այսպիսի խնդրի առաջ. նրանք ունեն միջոցներ, սակայն չեն գտնում վարկարժան՝ վարկունակ բիզնեսներ, որ ֆինանսավորեն։ Քանի դեռ չկան համապատասխան քանակությամբ վարկարժան բիզնեսներ, իրենք այդ փողը չեն կարողանալու տրամադրել տնտեսության իրական հատվածին վարկերի տեսքով։ Եվ արդյունքում սկսում են միմյանց հետ մրցել այն բիզնեսների համար, որոնք վարկարժան են։ Այս ամենի հետևանքով տոկոսադրույքն իջնում է։
Բանկերն իրենք շահագրգռված են իրենց միջոցները տեղաբաշխել վարկերի տեսքով, քանի որ վարկի դեպքում սպրեդը բարձր է, այդպիսին է բանկի բիզնես մոդելը։ Սակայն, երբ համադրում են ռիսկերի հետ, հաճախ նախընտրում են զերծ մնալ վարկեր տրամադրելուց և իրենց միջոցները տեղաբաշխում են ցածր եկամտաբերությամբ, բայց քիչ ռիսկային ակտիվներում, ինչպիսիք են, օրինակ, պետական պարտատոմսերը։
Իսկ եթե ռիսկի գնա՞ն։
Եթե ռիսկի գնան, դա կարող է ազդել բանկային համակարգի կայունության վրա, քանի որ տրված վարկերը կարող են ժամանակին չմարվել, դասակարգվել ու բանկերը ֆինանսական կորուստներ կունենան։ Մյուս կողմից, ինչու ռիսկի գնան, եթե ունեն լավ այլընտրանք՝ ի դեմս պետական պարտատոմսերի:
Կա՞ն հաշվարկներ, թե այսօր բանկերը որքան «տեղ» ունեն լրացուցիչ վարկ տալու, այսինքն՝ տնտեսությունը ֆինանսավորելու։
Դատելով Հայաստանի բանկային համակարգի կապիտալի համարժեքության և իրացվելիության նորմատիվների գծով փաստացի ցուցանիշներից՝ պետք է ասել, որ 2017 թվականից ի վեր բանկերին հաջողվում է գնալով կրճատել նորմատիվի և փաստացի ցուցանիշի միջև առկա ճեղքվածքը։ Այդուհանդերձ, 2018 թվականի փետրվարի վերջի դրությամբ կապիտալի համարժեքության ցուցանիշը եղել է 17.62%` նորմատիվային 12%-ի փոխարեն, իսկ իրացվելիության ցուցանիշը 26.71%` նորմատիվային 15%-ի փոխարեն։ Այսինքն, բանկերը դեռ բավականին մեծ պոտենցիալ ունեն տնտեսության իրական հատվածը ֆինանսավորելու համար, խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, ինչն էականորեն կարող է նպաստել տնտեսական աճին։|
Կարդալ ավելին