Արցախի Հանրապետությունում 120․000-ից ավելի մարդիկ ամբողջական շրջափակման մեջ են, եւ մեր պահանջը այն է, որ դրա մասին հրապարակավ արտահայտվեն ՄԱԿ-ի համապատասխան պաշտոնյաները՝ գլխավոր քարտուղարի եւ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի մակարդակով։ Այս մասին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը․
«Մենք այստեղ մեկ նպատակով ենք, որպեսզի մեր բողոքի ձայնը հայտնենք ՀՀ-ում ՄԱԿ-ի ներկայացուցչության հանդեպ, ցավոք սրտի, Ստեփանակերտում ՄԱԿ-ի ներկայացուցչություն չկա, եւ մեր արցախցի քույրերն ու եղբայրները չունեն մի կառույց, որ գնան, իրենց բողոքի ձայնը հայտնեն այս պահի դրությամբ աշխարհում գոյություն չունեցող իրավիճակի հետ կապված․ չկա մի տարածաշրջան, այն էլ՝ 100․000-ից ավելի բնակչությամբ, որը ամբողջական շրջափակման մեջ է, եւ մենք այստեղ ոչ միայն մեր, այլեւ մեր Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, օկուպացված Հադրութի, Շուշիի բնակիչների անունից ենք մեր բողոքի ձայնը հայտնում»,- նշեց նա՝ հավելելով․ «Եթե պատերազմները մի կողմ դնենք, այս պահի դրությամբ ավելի աղետալի իրավիճակ գոյություն չունի աշխարհում, եւ ինչի՞ համար է այս մարդկանց հանրային գործունեությունը, եթե չեն արտահայտվելու այս իրավիճակի շուրջ»։
Մելիքյանը նշեց, որ Արցախի ՄԻՊ աշխատելու տարիներին բազմաթիվ բաց եւ փակ հանդիպումներ է ունեցել եւ բողոքի ձայն հայտնել տարբեր հարցերի կապակցությամբ, բայց ցավոք սրտի, դա շատ նման էր աստվածաշնչյան հայտնի խոսքին՝ ձայն բարբառո հանապատի․ «Բայց թող մեզ լսող բոլոր մարդիկ իմանան, որ մեր ժողովրդի միջից մեր արժանապատվության զգացումը չի վերացել»,- ասաց նա՝ պնդելով, որ պատրվակը, որով ադրբեջանցիները փակել են կենսական միակ ճանապարհը, գոյության իրավունք չունեցող պատրվակ է․ «Ակնհայտ եւ միանշանակ է, որ Ադրբեջանը չի կարող ունենալ ազատ քաղաքացիական հասարակություն, Ադրբեջանի ղեկավարությունը ուղիղ վերահսկողություն է իրականացնում այդ մարդկանց նկատմամբ»։
Նշենք, որ բողոքի ակցիային ներկա են նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը եւ այլք։