Բայրամովը վերստին վստահեցնում է՝ Բաքուն քայլեր է ձեռնարկում «խաղաղության հասնելու համար» |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանը հաստատակամ է Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններ հաստատել միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա, հակամարտության էջը փոխարինել փոխշահավետ համագործակցությամբ, նորմալ բարիդրացիական հարաբերություններով», – հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը:

Երեկ Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ Բայրամովն ասել է նաև, թե Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում «հետևողական է և սկզբունքային՝ հիմնված միջազգային իրավունքի և արդարության վրա»։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմը Երևանին է ներկայացրել հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի թարմացված առաջարկներ, և «առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը՝ քննարկումները շարունակելու համար»։

«Հուսով ենք, որ խաղաղության հասնելու համար մեր ձեռնարկվող քայլերին Հայաստանը վերջապես կարձագանքի անհրաժեշտ քաղաքական կամքով և պրակտիկ գործողություններով։ Հայաստանի ստանձնած պարտավորությունների անհապաղ կատարումը, Ադրբեջանի դեմ անհիմն տարածքային պահանջներից հրաժարվելը և նորմալ բարիդրացիական հարաբերություններ կառուցելու գործնական քայլերը կարևոր պայման են կարգավորման գործընթացի տրամաբանական արդյունքի հասնելու համար», – հայտարարել է ադրբեջանցի նախարարը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն