Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: