Լաչինի միջանցքի արգելափակումը և ձմռանը գազամատակարարումը խափանելը լուրջ հումանիտար հետևանքներ են առաջացնում: Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին:
«Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները»,- գրել է բրիտանացի նախարարը։
Նա նաև հավելել է, որ տևական կարգավորմանը հնարավոր է հասնել միայն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով։
Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: