Իրավիճակն օգտագործելով՝ ապրանքների գների անհարկի բարձրացումներն անթույլատրելի են. Արցախի պետնախարարի մոտ քննարկվել են հրատապ հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:

Ինչպես հայտնում են պետնախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը: 

«Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող  առավելություն տալ որևէ հարց լուծելու։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել  մարտահրավերները, ինչպես նաև  անարդարության զգացողությունը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:

Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի,  դեղորայքի  և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների և  այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին:

Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսևորումներին՝ պետնախարարն անթույլատրելի է համարել տնտեսվարողների կողմից,  նման բարդ իրավիճակն օգտագործելով,  ապրանքների գների անհարկի բարձրացումները:  Նա նաև պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարևոր այլ՝  օրինակ, նորածինների համար նախատեսված սննդի և նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն:

Ներկայացվել է նաև էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել է այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան  նվազագույնի հասցնել  էլեկտրաէներգիայի դեֆիցիտը: Միաժամանակ ընդգծվել է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների պարտաճանաչ իրականացման կարևորությունը:

Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը:

Պետնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հանրությանը պատշաճ տեղեկատվության տրամադրման կարևորությունը:

Հիշեցնենք, որ արդեն չորրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից դադարեցրել է նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն