ՀՀ գործընկերների հետ իրականացվում են աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու համար․ «Արցախգազ»

Այսօր առավոտյան վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր դեկտեմբերի 13-ին՝ Ադրբեջանի կողմից:
 
«Արցախգազը» տեղեկացնում է, որ այս պահին Հայաստանի գործընկերների հետ իրականացվում են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ՝ գազամատակարումն ապահովելու նպատակով: Նախատեսվում է, որ օրվա ընթացքում գազի մատակարարումը կվերականգնվի ինչպես Ստեփանակերտում, այնպես էլ շրջաններում:
 
Գազ սպառող բաժանորդներին «Արցախգազը» հորդորում է լինել ուշադիր և պահպանել անվտանգության կանոնները։
 
Հիշեցնենք, որ արդեն հինգերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30 -ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Այսօր Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը նույնպես հայտարարեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն