947735d90914e66ad904b971c8ba9833.jpg

ԱԻՆ-ը համալրվեց նոր հրշեջ մեքենաներով |armenpress.am|

Արմենպրես։ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը հարստացավ 14 հրշեջ ավտոմեքենայով, 3 ավտոսանդուղքով և 1 կարգավար մեքենայով, որոնք կբաշխվեն Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին:

Տեխնիկան նախարարությանը տրամադրեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը:

Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 6-ին ԱԻՆ շարահրապարակում: Ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս անգամ JICA-ն Հայաստանին տրամադրում է օգնություն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի, Լոռու և Շիրակի մարզային հրշեջ փրկարարական ստորաբաժանումներին աջակցելու, դրանք արդիականացնելու համար: Համաձայն այդ ծրագրի` Ճապոնիայի կառավարությունը Հայաստանին տրամադրում է 36 միավոր հրշեջ մեքենա, 3 միավոր սանդուղքավոր մեքենա, շարժական արհեստանոցներ և պահեստամասեր, որոնք համալրելու են վերոնշյալ մարզերի տեխնիկական բազան: Ծրագրի արժեքը կազմում է 14, 5 մլն դոլար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Նա իր երախտագիտությունը հայտնեց Ճապոնիայի կառավարությանը Հայաստանին տրամադրվող օգնության համար, տարիներ շարունակ ցուցաբերվող ֆինանսական և տեխնիկական օժանդակության համար:

Վարչապետը շեշտեց, որ Ճապոնիայի աջակցությունը մշտապես օգնել է Հայաստանի զարգացման ծրագրերի իրականացման, տնտեսության և ենթակառուցվածքների արդիականացման հարցում:

«Մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող փոխադարձ հարգանքն ու համակրանքը լավ հիմք են մեր երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու և կատարելագործելու համար»,-ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան ասաց, որ իր համար մեծ պատիվ է մասնակցել հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի բացման հանդիսավոր արարողությանը, որի մասին համաձայնագիրը կնքվել է Ճապոնիայի և ՀՀ կառավարությունների միջև 2017 թվականին:

«Սա 1 մլրդ 540 մլն ճապոնական իեն, մոտավորապես 13 մլն 750 հազար դոլար արժողությամբ Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որն ուղղված է Հայաստանում աղետների կանխման առաջնային շրջաններ հանդիսացող Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական հագեցմանը»,-ընդգծեց դեսպանը:
Նա հավելեց, որ Հայաստանում հաճախ են լինում բնական աղետներ, ինչը խոչընդոտում է գյուղական վայրերի զարգացմանը, այդ պատճառով Ճապոնիան առաջնային է համարում աջակցել մարզերին:
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի խոսքով` նոր տեխնիկայի ձեռքբերմամբ փրկարարական աշխատանքի արդյունավետությունը բավականին կբարձրանա: «Մենք 26 հրշեջ մեքենա ունենք Երևանում. դրանք կրկին ճապոնացիներն են մեզ տրամադրել: Այս նոր մեքենաները միայն մարզեր ենք ուղարկում: Օգոստոսին, հավանաբար, կստանանք ևս 22 մեքենա, որոնք կրկին կուղարկենք Շիրակ, Լոռի և Սյունիք: Ճապոնիայի հետ ևս մեկ ծրագիր ունենք, որի շրջանակում մեզ ուղարկված տեխնիկան կհանձնենք արդեն չորս մարզի»,-նշեց նախարարը:

2017 թվականի սեպտեմբերի 7-ին Արտակարգ իրավիճակների նախարարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության միջև ստորագրվել է ԱԻ նախարարությանը 36 հրշեջ մեքենա, երեք ավտոսանդուղք, մեկ կարգավար մեքենա տրամադրելու մասին դրամաշնորհային համաձայնագիր:
2019 թվականի մարտ-ապրիլ ամիսներին առաջին փուլի գույքն ու սարքավորումները արդեն իսկ ՀՀ-ում են` 14 հրշեջ մեքենա, երեք շարժասանդուղք, մեկ կարգավար մեքենա, իսկ երկրորդ փուլը` 22 հրշեջ մեքենա նախատեսվում է տրամադրել 2019 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին:
Այս տարվա ապրիլի 18-ից մինչև մայիսի 25-ը ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի «Լուսակերտ» ուսումնական բազայում կազմակերպվել է Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակում ստացված հրշեջ ավտոմեքենաների շահագործման և սպասարկման վերաբերյալ մասնագիտական դասընթացներ` ճապոնացի մասնագետների մասնակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն