Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի:
Հաշվի առնելով ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը` քաղաքացիների հետ օպերատիվ կապի ապահովման համար գործում է շուրջօրյա թեժ գիծ, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։
Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:
Քաղաքացիները կարող են զանգահարել և տեղեկացնել այն խնդիրների մասին, որոնք ծագում են իրավիճակի հետևանքով։
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից էլ հայտնում են, որ աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում 56 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (16.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 3 ապրանքատեսակի միջին գների նվազեցում (գների մոնիթորինգ):
Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի աշխատակազմի ՏՄՊ վարչության մասնագետների կողմից 2022թ. դեկտեմբերի 17-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 8 դեղատներում որոշ դեղերի, մանկական կերերի և տակդիրների դիտարկման արդյունքում, նախորդ դիտանցման (16.12.2022թ.) համեմատ, արձանագրվել է 5 ապրանքատեսակի միջին գների նվազեցում։