Ընտանիքների անդամները շրջափակման տարբեր կողմերում են․ Փաշինյան

Ութ օր է՝ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ցուրտ եղանակին մնացել են փողոցներում, ընտանիքների անդամները շրջափակման տարբեր կողմերում են։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից ու բժշկական ծառայությունից»,- հավելել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ արդեն ութերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ՝ բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 

Ավելի ուշ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» նոր պահանջներ են առաջ քաշել։ Եթե մինչ այդ ադրբեջանական կողմը պահանջում էր հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, հիմա նրանք պահանջում են Լաչինի միջանցքում նաև ադրբեջանական կողմի վերահսկողություն։

Վերջին օրերին մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն