Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ նախաձեռնվել են քրեական վարույթներ․ Արցախի դատախազություն

Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի դատախազությունը:

Դատախազության հայտարարության մեջ նշվում է. «Սույն թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի մի խումբ քաղաքացիներ, ներկայանալով որպես բնապահպաններ, կեղծ պատրվակով ապօրինաբար զավթել են Արցախը Հայաստանին կապող ճանապարհը՝ այդ կերպ դադարեցնելով երթևեկությունը և խզելով արտաքին աշխարհի հետ Արցախի քաղաքացիների միակ կապը: Երկու օր շարունակ Ադրբեջանը դիտավորությամբ դադարեցրել էր նաև ՀՀ-ից Արցախ գազի մատակարարումը:

Հիշյալ դեպքերի կապակցությամբ ԱՀ գլխավոր դատախազության կողմից անհապաղ նախաձեռնվել են քրեական վարույթներ, որոնց շրջանակում ձեռնարկված քննչական, այդ թվում ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ՝

– Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը զավթած Ադրբեջանի քաղաքացիների գերակշռող մեծամասնությունը և ղեկավարող կազմը հատուկ ծառայությունների նախկին կամ ներկա աշխատակիցներ են,

– բարձրաձայնվող բնապահպանական խնդիրը ընդամենը օգտագործվում է որպես սեփական արարքները արդարացնելու և դրանց հիմնավոր տեսք հաղորդելու միջոց,

– Ադրբեջանը հետապնդում է Արցախի Հանրապետության տնտեսության հիմքերը խարխլելու, բնակչությանը եկամտի աղբյուրից, աշխատատեղերից զրկելու նպատակ,

– Ադրբեջանի քաղաքացիների կողմից իրականացվող գործողությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներին, դրանով արձանագրված ստատուս-քվոյին,

– Արցախի Հանրապետության քաղաքացիները՝ որպես այդ տարածքի բնիկ ժողովուրդ և իրավատեր, միջազգային իրավունքի ուժով ունեն այդ տարածքի հողի, շրջակա բնական միջավայրի, բնության և ընդերքի տնօրինման, տիրապետման և օգտագործման իրավունք, որը Ադրբեջանը փորձ է անում անտեսել ու չեզոքացնել»:

Հիշեցնենք, որ արդեն ութերորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ՝ բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ 

Ավելի ուշ Լաչինի միջանցքը փակած «բնապահպանները» նոր պահանջներ են առաջ քաշել։ Եթե մինչ այդ ադրբեջանական կողմը պահանջում էր հանդիպում ռուսական խաղաղապահ զորախմբի ղեկավար Անդրեյ Վոլկովի հետ, հիմա նրանք պահանջում են Լաչինի միջանցքում նաև ադրբեջանական կողմի վերահսկողություն։

Վերջին օրերին մեր գործընկեր լրատվամիջոցները բացահայտել են, որ Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպանները» փոխկապակցված են ադրբեջանական իշխանությունների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն