«Արցախցիները մեր կարիքն ունեն». ուսանողները բողոքի երթով շարժվում են դեպի Կառավարության շենք |news.am|

news.am: Ուսանողներն այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Երեւանի պետական համալսարանի շենքի մոտից բողոքի երթ են անցկացնում դեպի Կառավարության շենք: Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը բացելու ուղղությամբ: Ուսանողները որոշել են պահանջագիր ներկայացնել կառավարությանը՝ ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը:

Ակցիայի մասնակիցներից արցախցի ուսանողուհի Մարիամ Հայրյանը նշեց, որ արդեն 8 օր է, որ Արցախը շրջափակման մեջ է եւ գանլով իրավիճակն ավելի է բարդանալու, քանի որ կարիքները գնալով ավելանում են. «Պետք է ամեն կերպ օգնենք 120 հազար մարդկանց, որովհետեւ իրենք իրոք մեր կարիքն ունեն: Հայաստանը պետք է լինի Արցախի կողքին, լավ է, որ ուսանողը միանում է մեր պայքարին, որ փորձենք օգնել Արցախ աշխարհին: Իմ ընտանիքը, բոլոր հարազատները Արցախում են, իրենք մեզ փոխանցում են, որ ավելի ակտիվ լինենք: Բոլորիս ներկայությունն այս ցույցերին շատ կարեւոր է: Կանգնենք Արցախի կողքին եւ իմանանք, որ կարեւոր գործ ենք անում: Հուսանք ճանապարհը մինչեւ Ամանոր կբացվի եւ ես Նոր տարին ինչպես ամեն տարի, կտոնեմ իմ տանը»,-ասաց նա:

Մեկ այլ ուսանող՝ Անաստասիա Կիրակոսյանն էլ հավելեց, որ իրենք երթով գնում են կառավարություն, քանի որ համարում են, որ պետության ներսում  ցանկացած իրադարձության թիվ մեկ պատասխանատուն կառավարությունն է. «Պահանջելու ենք, որ թեկուզ հայտարարությամբ կամ ինչ-որ նախաձեռնությամբ կարողանան աջակցել մեր հայրենակիցներին»:

Արդեն ութերորդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: 1100 քաղաքացի, որից 270-ը անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Հիվանդանոցները չեն ստանում անհրաժեշտ բժշկական ապրանքներ ու դեղորայք, մթերային խանութների դարակները կիսադատարկ են։ Ադրբեջանը դեկտեմբերի 13-ին խափանել էր նաեւ Արցախի գազամատակարարումը, որ օրեր անց վերականգնեց։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն