armenpress.am: Հունգարիայի խորհրդարանում Հայաստան-Հունգարիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Միհալի Բալան անդրադարձել է Հայաստանի և Հունգարիայի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարներին, գործակցության հնարավոր ուղղություններին։
Հունգարիայի խորհրդարանի պատգամավորը կարծիք է հայտնել, որ այս փուլում հատկապես արդյունավետ կարող է լինել համագործակցությունը՝ միտված երկու ժողովուրդների միջև մարդկային շփումների ակտիվացմանը, այս համատեքստում հատուկ կարելի է դիտարկել կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները։ Նա նաև հնարավորություններ է տեսնում տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության համար։
Դեկտեմբերի 2-ին Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ։ Ինչպե՞ս եք տեսնում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները։
Հայ և հունգարացի ժողովուրդների միջև գոյություն ունեն պատմական և մշակութային կապեր, որոնք արտացոլված են Հունգարիայում բնակվող հայ համայնքի և հայկական մշակութային ժառանգության առկայությամբ։ Հունգարիայի հայերը պատմականորեն իրենց ավանդն են ունեցել Հունգարիայի զարգացման գործում, և այսօր էլ որպես հունգարական հասարակության մեջ լիարժեք ինտեգրված քաղաքացիներ՝ ունեն Հունգարիայի սահմանադրությամբ ամրագրված հատուկ կարգավիճակ։
Ուրախ եմ, որ բոլորովին վերջերս մեր խորհրդարանում ձևավորվել է Հունգարիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խումբ, որի նախագահն եմ ես։ Լիահույս եմ, որ նման բարեկամության խումբ կձևավորվի նաև ՀՀ ԱԺ-ում։ Մեր բարեկամության խմբի անդամ է Հունգարիայի հայ ինքնավարության խորհրդարանական ներկայացուցիչը։
Կարծում եմ՝ մենք մեր կողմից նույնպես խորհրդարանական դիվանագիտությամբ և կապերով կնպաստենք երկկողմ հարաբերությունների աստիճանական բարելավմանը և զարգացմանը։ Իմ գնահատմամբ այդ պոտենցիալն առկա է, և երկու արտաքին գործերի նախարարների հանդիպումով և համատեղ հայտարարությամբ նոր էջ բացվեց Հայաստան-Հունգարիա հարաբերությունների համար, իսկ մենք պարտավոր ենք առավելագույն ջանքեր գործադրել՝ ստեղծված հնարավորությունը ճիշտ օգտագործելու համար։
Չնայած այս զարգացմանը, հայ հասարակության մեջ դեռևս պահպանվում են բացասական հիշողությունները։ Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը այս հարցին։
Մենք՝ որպես Հունգարիայի ներկայացուցիչներ, բազմիցս տարբեր մակարդակներում և ձևաչափերով մեր խորը ափսոսանքն ու ցավն ենք արտահայտնել հայազգի զինվորական Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության կապակցությամբ։ Այն, ինչ կատարվել է, բոլոր առումներով անընդունելի էր բոլորիս համար, նաև հասկանալի է, որ վերքերի սպիացման համար ժամանակ է անհրաժեշտ, սակայն այսօր մենք պետք է առաջ նայենք` քայլեր ձեռնարկելով մեր հասարակությունների մերձեցման և հարաբերությունների աստիճանական զարգացման ուղղությամբ։
Կարծում եմ՝ճիշտ հարաբերությունների կառուցումը և հարուստ օրակարգը հնարավորություն կտան անդրադառնալ մեր երկու ժողովուրդների միջև առկա բոլոր հարցերին։
Շարունակությունը՝ armenpress.am-ում