armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Ալբանիայի ներկայացուցիչ Ֆերիտ Հոխհան ընդգծեց Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց ու ապրանքների ազատ տեղաշարժի անհրաժեշտությունը:
Նա այս մասին շեշտեց ՄԱԿ ԱԽ նիստում, որում քննարկվում է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը:
«Չնայած որոշ հարցերում տարբեր տեսանկյուններին՝ մենք, այնուամենայնիվ, գնահատում ենք, որ կողմերը հանձնառու են երկխոսությանը և բոլոր խնդիրների խաղաղ հանգուցալուծմանը: Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է ապահովել միջանցքի երկայնքով ազատ ու անվտանգ տեղաշարժը՝ երկու երկրների համաձայնություններին համահունչ: Այդ համաձայնությունները պետք է հարգվեն: Եվ երկու կողմերը պետք է դրանք ի կատար ածեն: Ապրանքների և մարկանց ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով կարևորագույն նշանակություն ունի տարածքում ապրող բնակչության համար»,-ասաց Ֆերիտ Հոխհան:
Նա նշեց, որ ռուս խաղաղապահ զորախումբը տեղում պետք է ապահովի մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը միջանցքի երկայնքով: Իսկ ինչ վերաբերում է բնական պաշարների շահագործման հետ կապված մտահոգություններին՝ նա ասաց, որ Ալբանիան կոչ է անում երկու կողմերին լիարժեք բանակցությունների միջոցով գտնել լուծումներ: Ալբանիայի ներկայացուցիչը հիշեցրեց Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումը, որի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել ԵՄ դիտորդներ ուղարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին: Այս ուղղությունը ճիշտ ուղղություն է, և Ալբանիան աջակցում է այս զարգացումներին:
Նա նկատեց, որ երկու կողմերը հանձնառություն են հայտնել ստորագրելու խաղաղության համաձայնագիրը հնարավորինս շուտ:
Ներկայացուցիչը դա ավելի քան կարևոր համարեց ոչ միայն սահմանամերձ տարածքների անվտանգության, այլ նաև ընդհանրապես բոլոր առկա խնդիրների խաղաղ հանգուցալուծման համար:
«Խաղաղ, բանակցված լուծումն այլընտրանք չունի: Որքան շուտ Հայաստանն ու Ադրբեջանը գնան այս ուղղությամբ, այդքան ավելի լավ այդ երկու երկրների ժողովուրդների և տարածաշրջանի համար»,-եզրափակեց նա:
Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է: