armenpress.am: Բրիտանացի պատգամավոր Սթիվեն Դաութին Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման համար: Այս մասին հաղորդում է պատգամավորի թվիթերյան գրառումը:
«Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումը պետք է դադարեցվի հումանիտար աղետը կանխելու համար: Մենք կոչ ենք անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը՝ անհապաղ ճնշում գործադրել արգելափակմանը վերջ դնելու համար», – գրել է նա:
Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։
Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է: