Ռուս խաղաղապահները արցախցիներին խոստացել են, որ մինչև դեկտեմբերի 26-ը ճանապարհը կբացվի

Գլխավոր լուսանկարը՝ Վահան Սավադյանի

Ռուս խաղաղապահները բանակցելու գնացած արցախցիներին խոստացել են, որ հարցը մինչև դեկտեմբերի 26-ը կլուծվի․ ճանապարհը կբացվի։ Այս մասին ֆեյսբույքան ուղիղ երթերում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը, որը գնացել էր բանակցելու ռուս խաղաղապահների հետ։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ խաղաղապահները խորհուրդ են տվել չառաջանալ դեպի ադրբեջանցիները՝ իրենց՝ մասնակիցների անվտանգությունից ելնելով։

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից Տիգրան Պետրոսյանը տեղեկացրել է նաև․
 
«Ընդ որում՝ նրանք [ռուս խաղաղապահները – խմբ․] հասվաստիացրին, որ  ադրբեջանցիների կողմից ճանապարհը բացելուց հետո ընդհանրապես ոչ մի անցակետ տեղադրելու մասին խոսք լինել չի կարող»։
 

Հիշեցնենք, որ այսօր Արցախի Վերածննդի հրապարակում տեղի ունեցավ հանրահավաք, ինչից հետո մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի ռուսական խաղաղապահ զորախմբի անցակետ՝ բանակցելու ռուս խաղաղապահների հետ և «ավելի հուժկու կերպով պահանջելու կատարել ստանձնած պարտավորությունները»։

Դեկտեմբերի 12-ից մինչ օրս Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանություններով փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը` շրջափակման մեջ դնելով Արցախի 120.000 բնակիչների։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270-ը անչափահասներ, չեն կարողանում վերադառնալ Արցախ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։ Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով