Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայով խորհրդարանական լսումերի ընթացքում Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանին հարցեր ուղղեց «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը։
Նա մասնավորապես ասաց․ «Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունների ու լրացումների արդյունքում որքա՞ն եք գնահատում գնաճային ճնշումը։ Ասեմ, որ այս օրենսգրքի նախագծի նախորդ քննարկման ժամանակ էլի ԱԺ-ում Ձեր պաշտոնակիցը գնահատեց 0,4 %, բայց փաստորեն, եղավ 4%»։
Հարցին նախարարի տեղակալը պատասխանեց․ «Հարկային օրենսգքրի փոփոխությունների ընդունման ազդեցությունը գնահատվել է ընդհանուր հավասարակշռության մոդելով և գնաճային ճնշումներն այստեղ աննշան են։ Այսինքն՝ այստեղ մենք ռիսկեր չունենք, փաստաթղթերի փաթեթեին կցված է նաև այդ վերլուծության արդյունքը, կարող եք ծանոթանալ»։
Արիստակեսյանը ցանկացավ իմանալ նաև, թե եկամտահարկի համահարթ տարբերակի նախագծի մասին առաջարկություններ անելիս ո՞ր երկրների փորձն է վերցվել որպես նախատիպ, միջազգային ո՞ր փորձերն է ուսումնասիրվել։ «Նայե՞լ եք արդյոք Մակեդոնիայի, Սլովակիայի, Գերմանիայի և հատկապես Վրաստանի ձախողված փորձերը այդ տարբերակն իրականացնելիս»,- հարցրեց տնտեսագետը։
Արման Պողոսյանը պատասխանեց․ «Դուք հավանաբար հղում եք կատարում մի միջոցառման, որ փետրվարի 12-ին տեղի ունեցավ Հայաստանում, որին մասնակցում էին Մակեդոնիայի ֆինանսների նախարարը, Սլովակիայի, Գերմանիայի ֆիննախի ներկայացուցիչները։ Այնտեղ էլ ներկայացվել են մեր հիմնավորումները՝ ինչ ենք մենք ակնկալում այս համակարգի ներդնումից։
Երկու հիմնական խնդիր պետք է լուծի եկամտահարկի համահարթ տարբերակը։ Առաջինը՝ վերաբաշխողական գործառույթի իրականացումն է, որը, կարող եք համաձայնել մեզ հետ, մեր երկրում չի իրականցվում նշածս պատճառներով։ Եվ երկրորդը՝ ֆիսկան։ Այս ճանապարհին եկամտային հարկը պետք է լինի այնպիսին, որ աշխատավարձի հարկն ինքնին չծանրաբեռնի ձեռնարկատիրոջը, հատկապես՝ արտահանմանը կողմնորոշված ձեռնարկատիրական նախագիծ իրականացնողին»։
Մովսես Արիստակեսյանի հաջորդ հարցը հետևյալն էր․ «Հարկային օրենսգրքի մշակման հայեցակարգում ամրագրված էր՝ եթե անցնենք համահարթ տարբերակի և իջեցնենք եկամտահարկը 20%-ի, ապա պետք է դրան զուգահեռ իրականացնենք հետևյալ քայլերը․ սոցիալական կրեդիտների տրամադրման վերաբերյալ առաջարկություններ պետք է տայիք, պետք է հասարակության բարձր եկամուտներ և մեծ հարստություն ունեցող խմբերին առավել լիարժեք ձևով հարկելու հնարավորություններ տայիք, պետք է անշարժ գույքի դրույքաչափները ավելի բարձր սահմանեիք, որոնք չկան նախագծում»։
«Սոցիալական կրեդիտների հետ կապված հարցադրումը շատ կարևոր է, մենք երբեք չենք թերագնահատել այն, սակայն այս համակարգի կիրառությունն օբյեկտիվորեն նախատեսում է ինքնահայտարարագրման համընդհանուր համակարգի ներդրում։ Այն համակարգային նշանակության փոփոխություն է, և պետք է բավարար զգուշավորությամբ, բայց մտածենք այս բարեփոխման մասին և հավանաբար դեռ քննարկումներ կունենանք այս հարցի հետ կապված»,- պատասխանեց Պողոսյանը։
Նա նաև նշեց․ «Գույքահարկի հետ կապված, ասեմ, որ շատ կարևոր դիտարկում է, որովհետև եթե եկամուտները հարկվում են համահարթ մոդելի շրջանակներում, ապա ունեցվածքը, հարստությունը գոնե պետք է հարկվի պրոգրեսիվ հարկման մոդելի շրջանակներում։ Բայց եկեք այստեղ երկու թեզ էլ ամրագրենք, որ եկամտային հարկը Հայաստանում իրականում աշխատավարձի հարկ է հիմնականում, 95%-ը աշխատավարձ և դրան հավասարեցված տեսակի եկամուտներից է հավաքագրվում։ Եվ երկրորդ՝ աշխատավարձով մարդիկ չեն հարստանում, կարող է կյանքի որակ, աբրեկեցության մակարդակ փոխվել, բայց աշխատավարձով հարստություն կուտակել, կարծում եմ՝ այնքան էլ իրատեսական չէ։
Հետևաբար ճիշտ եք՝ պետք է մտածենք գույքահարկի պրոգրեսիվ համակարգի ներդրման մասին, որի ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում, և առաջիկայում կառավորությունը հանդես կգա համապատասխան առաջարկով»։
Արիստակեսյանը նաև հարցրեց․ «Պատրաստվու՞մ եք իրականացնել 2004 թվականի կենսապահովման նվազագույն զամբյուղի մասին օրենքը և սահմանել չհարկվող շեմ։ Այն երկրներում որտեղ իրականացվում է համահարթ տարբերակը, անպայման կիրառվում է չհարկվող շեմ»։
Սրան Ֆինանսների նախարարի տեղակալը պատասխանեց, որ նվազագույն ամսական աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելը շատ ծախսատար միջոցառում է։ «Պարզ հաշվարկներ եթե կատարելու լիենենք, կտեսնենք, որ առնվազն 95 մլրդ դրամ հարկային ծախս է նստելու պետական բյուջեի վրա։ Պետք է գնահատենք՝ մենք պատրաստ ենք այդ հարկային ծախսը յուրացնելու թե ոչ։ Մեր գնահատմամբ՝ այս փուլում պատրաստ չենք»,- ասաց նա։
Մովսես Արիստակեսյանը արձագանքեց․ «Դուք ճիշտ եք, որ չհարկվող շեմի սահմանումը պետբյուջեի համար մեծ ծախս է լինելու։ Եթե դուք գիտեք դա, ինչու եք քայլ կատարում, համահարթ տարբերակը մտցնում, նախ ծախս առաջացնում, հետո մտածում՝ այդ ծախսը ինչպես փակել։ Մեր երկիրն իրավական պետություն է, չէ՞։ Օրենքը գործում է 2004 թվականից, ինչու՞ չենք կատարում օրենքի պահանջը կենսաապահովման նվազագույն զամբյուղի շեմը հաստատելու համար։ 15 տարի չենք կատարում օրենքը, շարունակելու՞ ենք այսպես»։
«Թեզի հետ կարող եմ համաձայնել, որ եթե ունենք համահարթ դրույքաչափեր, ապա չհարկվող շեմի սահամնումը պրոգրեսիվություն է հաղորդում համակարգին։ Սա դասագրքային ճշմարտություն է, բայց երևույթի մյուս կողմում 95 մլրդ դրամ հարկային ծախսն է։ Եկեք այս մասին հիշենք»,- հարցուպատասխանը եզրափակեց Արման Պողոսյանը։