9a00ad0d54b94a7d08ac540417140439.jpg

«Տնային տնտեսուհու» դերը և խտրական վերաբերմունքը կանանց նկատմամբ |uicarmenia.org|

uicarmenia.org։ Չնայած Հայաստանում վերջին շրջանում նկատվող բարեփոխումներին և քաղաքական-հասարակական կյանքում տեղի ունեցած փոփոխություններին, մեր հասարակության մեջ կանանց նկատմամբ շարունակվում է անհավասար, խտրական վերաբերմունք կիրառվել մի շարք ոլորտներում։

Խնդիրը

Ինչպես նշվում է «Վորլդ Վիժնի» «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի ֆինանսավորմամբ իրականացված «Առօրյայի անտեսանելի կողմը․ գենդերային կարծրատիպերը կենցաղում» հետազոտության մեջ, հայաստանյան հասարակությունը հայրիշխանական է և ապրում է տղամարդկային փոխհարաբերությունների օրենքներով, իսկ կանայք դուրս են մնում հասարակական կյանքում իրականացվող հաղորդակցությունից։

Բավական ծավալուն հետազոտության մեջ հատուկ ուշադրություն է հրավիրվում առօրյա աշխատանքներում կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի և աշխատանքի անհավասար բաշխման խնդրի վրա։

Ըստ հետազոտության արդյունքների, Հայաստանում տնային, առօրյա աշխատանքներ իրականացնող կինը՝ տնային տնտեսուհին, ավելի քիչ հեղինակություն ունի, քան տղամարդը, որը գումար է վաստակում ու ընտանիքը պահում, և հետևաբար՝ տղամարդուն է «պատկանում» վերջնական որոշում կայացնողի իրավունքը:

Հատկանշական է, որ այս խնդրի խորքային պատճառը հետազոտության հեղինակները տեսնում են երեխաների դաստիարակության մեջ։ Այսպես, ըստ հետազոտության հեղինակների, Հայաստանում 8-9 տարեկանից սկսած՝ երեխաների մեջ դրվում է սեռային-դերային բաժանումը, որտեղ աղջիկ երեխաների սահմանափակումներն ավելի շատ են, իսկ դաստիարակության ձևերն՝ ավելի խիստ:

Որպես հետևանք, ի տարբերություն տղաների՝ աղջիկներն ավելի շատ են մասնակցում տան կենցաղային գործերին՝ ճաշ եփել, տունը մաքրել, խանութ գնալ, կով կթել, սուրճ եփել, ամանները լվանալ, անկողինը հավաքել, թխվածք թխել, զբաղվել փոքր երեխաների խնամքով և այլն:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ, այսպես ասած, «կանանց վերապահվող» աշխատանքների կատարումը տղամարդու կողմից հասարակության կողմից դիտվում է որպես ամոթալի երևույթ։ Հատկապես այս խնդիրը սուր է հասարակության այն շերտերում, որոնք բնակվում են գյուղական համայնքներում և չունեն բարձրագույն կրթություն։

Առաջարկությունները

Վերլուծելով հետազոտության արդյունքում ձեռք բերված նյութերը՝ ուսումնասիրության հեղինակներն առաջարկում են բարձրացնել Հայաստանի կրթական հաստատություններում աշխատող մանկավարժների գիտելիքները՝ արժեքների ձևավորման, վերակառուցման, «գենդեր» հասկացության վերաբերյալ, և վերանայել դպրոցական դասագրքերը։

Կրթությանը զուգահեռ, անհրաժեշտ է ընտանիքներում կիրառել երեխաների դաստիարակության այնպիսի մեթոդներ, որոնցում չկան կարծրատիպային տարբերություններ տղա և աղջիկ երեխաների միջև: Այս հարցում հատկապես շատ է կարևորվում հայրերի մասնակցությունը երեխաների դաստիարակության գործում։
Կրթությունը պետք է նպաստի կնոջ դերի մեծացմանը, և հետևաբար, առաջարկվում է ճիշտ կրթության միջոցով կնոջը հնարավորություն տալ ձեռք բերել տնտեսական ինքնուրույնություն:

Հանրությանը խնդրի մասին առավել լավ իրազեկելու և հարցի համար քննարկման նոր հնարավորություններ գտնելու համար անհրաժեշտ է նաև ԶԼՄ-ների մասնակցությունը՝ հստակ մշակված քաղաքականություն իրականացնելու համար։

Հզոր պետություն ունենալու համար կարևոր նախադրյալներից են հզոր անհատները՝ հզոր քաղաքացիները։ Չնայած սրան, Հայաստանում քաղաքացի-անհատների կեսը՝ կանայք, առերեսվում են խտրականության որոշակի դրսևորումների, որոնք խոչընդոտում են նրանց զարգացմանն ու կայացմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն