artsakhpress.am: Նախօրեին՝ Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում ավելի քան 700 արցախցի կարատեիստի մասնակցությամբ տեղի է ունեցել ֆլեշմոբ՝ Արցախը Հայաստանին և ամբողջ աշխարհին կապող միակ ճանապարհի անհապաղ բացման պահանջով։
Եվրոպայի վեցակի չեմպիոն Արթուր Առուշանյանի խոսքով՝ ֆլեշմոբին մասնակցել են Արցախում գործող կարատեի բոլոր ձևերի մարզիկները։
«Մեր նպատակն է ամբողջ աշխարհին ցույց տալ, որ մեր մեջ կա ուժ, հզորություն ու պայքար։ Արցախը չի հանձնվել և շարունակելու է պայքարը»,- նշել է Առուշանյանը։
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
Արցախը շրջափակման մեջ է։
Այլ լուսանկարներ՝ artsakhpress.am-ում
