Ինչպես հայտնել ենք, այսօր մի խումբ քաղաքացիներ Հանրապետության հրապարակից ավտոերթով շարժվել էին Գորիս, որտեղից ցանկանում են հասնել Լաչինի միջանցք և մուտք գործել Արցախ:
Ավտոերթ իրականացնողերին Լաչինի միջանցքում գտնվող զինվորականները փոխանցեցին, որ ռուս խաղաղապահները կարող են բանակցել 2-3 հոգու հետ, սակայն առանց լրագրողների։ Երթի կազմակերպիչները համաձայնվեցին առաջ քաշված պայմանին։
Ավտոերթի կազմակերպիչները քննարկումից հետո հայտնեցին, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալին են ներկայացրել իրենց պահանջները։
Հրամանատարի տեղակալը ընդգծել է, որ իրավիճակը լարված է և իրենք չեն կարող ապահովել երթի մասնակիցների անվտանգ մուտքը Արցախ, կանխել հնարավոր բախումները։ Նա նաև զգուշացրել է, որ այդ քայլերը կարող են տանել իրավիճակի սրման։
Զորախմբի հրամանատարի տեղակալը տեղեկացրել է, որ Լաչինի միջանցքի բացման հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում և պետք է սպասել դրանց արդյունքներին։ Ռուս խաղաղապահները հերքել են նաև ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե այսօր միջանցքը պետք է բացվեր։
Ավտոերթի կազմակերպիչ Սամվել Մովսիսյանը հանդես եկավ մի առաջարկով․ հեռանալ՝ մինչև կստանան բանակցությունների արդյունքների մասին տեղեկություն, եթե այն ուշանա, ապա իրականացվի ավելի մեծ ակցիա։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները հեռացան Տեղի անձնագրային անցակետից։
Ավտոերթի մասնակիցները որոշեցին այսօր ավարտել երթը։ Կազմակերպիչները հայտնեցին, որ հետագայում կմշակվեն քայլեր, նմանատիպ ակցիաները կլինեն շարունակական, եթե կարճ ժամանակում միջանցքը չբացվի:
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել Արցախի 120 000 բնակիչներ, այդ թվում՝ 30 000 երեխաներ։ 1100 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ 270 անչափահասներ, չեն կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
350 հիվանդներ չեն կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 17 հիվանդներ, այդ թվում` երեխաներ, վերակենդանացման բաժանմունքում են: Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող երկու հայեր և 4 օտարերկրացիներ են միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: