Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 29-ին Գյուղատնտեսության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների աշխատակազմերին է ներկայացրել նորանշանակ նախարարներին:
Ներկայացնելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Սուրեն Գալստյանին՝ Ռուբեն Վարդանյանը հատուկ ընդգծել է նախարարության դերը, որի համակարգման ներքո են գտնվում մի շարք կարևոր ուղղություններ: Նա նաև շնորհակալություն է հայտնել նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Բեգլարյանին՝ համատեղ աշխատանքի համար:
Ըստ աղբյուրի՝ պետնախարարը նկատել է, որ թեև շրջափակումը փոխել է նոր կառավարության ձևավորման ու նախատեսված կառուցվածքային փոփոխությունների ընթացքը, բայց սահմանված նպատակներն ու առաջնահերթությունները մնում են նույնը: «Արդյունավետ կառավարման, արդարության վերականգնմանն ուղղված համառ աշխատանքներով շարունակելու ենք մեր պայքարը»,- նշել է Ռուբեն Վարդանյանը: