Արցախում պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության և առաջնային կարիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Այս մասին հայտնում են Արցախի պետնախարարի աշխատակազմից։ 
Պետնախարարին զեկուցվել է պարենային ապրանքների, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաներում ընթացիկ իրավիճակը, ներկայացվել են խնդիրները: Նշվել է, որ բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից որոշ ապրանքատեսակների մատակարարում կիրականացվի խանութներին: Պետնախարարը կարևորել է ապրանքատեսակների համաչափ բաշխումը, որպեսզի բնակչությունը հնարավորություն ունենա դրանք ձեռք բերել բոլոր խանութներից:
 
Ռուբեն Վարդանյանն ստեղծված իրավիճակում ընդգծել է նաև բնակչության հետ ուղիղ շփումների կարևորությունը և հանձնարարել Օպերատիվ շտապի մի խումբ անդամների, ԱԺ ժողովի պատգամավորների հետ միասին, հանդիպումներ ունենալ շրջաններում և համայնքներում՝ բնակչությանը տեղեկացնելու համար իրավիճակի, Արցախի իշխանությունների և Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող քայլերի ու ձեռնարկվող միջոցառումների մասին:
 
«Կարևոր է, որպեսզի բնակչությունը հենց առաջին ձեռքից իմանա թե՛ իրավիճակի, թե՛ կատարվող աշխատանքների մասին: Դա կօգնի նրանց ավելի լավ հասկանալ իրավիճակը և, անհրաժեշտության դեպքում, մասնակից լինել խնդիրների լուծմանը, ինչպես նաև տուրք չտալ ադրբեջանական ապատեղեկատվությանը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը:
 
Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն