news.am: Բլոկադայի 25-րդ օրն Արցախում մթերային խանութները գրեթե դատարկ են:
Խանութներից մեկի աշխատակիցն ասում է. «Ներկա պահին ոչ մի սնունդ չկա: Խանութը գրեթե դատարկ վիճակում է: Վիտրինաները դատարկ են: Խանութում կարող ենք ջրեղեն, հաց ու խմիչք գտնել: Տնտեսականը քիչ-միչ, այն էլ սպառվում է: Բանջարեղեն ընդհանրապես չկա շուտվանից»:
Օրեր առաջ սկսել են պետական պահուստներից սահմանափակ քանակությամբ որոշ ապրանքներ ստանալ, որը սակայն չի բավարարում: Օպերատիվ շտաբից որոշ ապրանքներ ստանում են խանութները:
Գնորդներից մեկն էլ նշում է. «Ուտելիք ենք ման գալիս, տեսնենք որտեղից ենք ինչ գտնում, որ գոյատևենք: Համարյա ոչինչ չկա: Կարտոշկա չկա, բանջարաղեն ընդհանրապես գոյություն չունի»:
Տոներից հետո փակ խանութներն ավելացել են: Որոշները հասցրել էին փակվել դեռ 2022-ի վերջին:
Մարդկանց մի մասն էլ դժգոհում են տեղական ապրանքատեսակների՝ մանավանդ կանաչեղենի, անհիմն թանկացումներից: Շատերը տեսախցիկի առաջ չեն ցանկանում խոսել իրենց մտահոգությունների մասին: Իսկ դրանք շատ են: Նույնիսկ դեղատուն մտնողներն են հաճախ դատարկաձեռն հեռանում:
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
Լուսանկարը՝ Մարութ Վանյանի