Աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի կիթառահար եւ վոկալիստ Դարոն Մալակյանը ինստագրամյան և ֆեյսբուքյան իր էջերում կատարել է հրապարակում՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին․
«Մենք միլիարդավոր դոլարներ ենք ուղարկում մի հակամարտության եւ ամբողջությամբ անտեսում մյուսները։ Կանգնի՛ր Արցախի կողքին։
Քանի որ Ադրբեջանի ցեղասպանական բլոկադան շարունակվում է 25-րդ օրը, Արցախի հայկական պետությունը եւ նրա քաղաքացիները զրկված են առաջին անհրաժեշտության ապրանքներից եւ սննդից։
Տարածեք այս դրոշը՝ հաջակցություն Արցախի։ Ալիեւն ու Ադրբեջանի կառավարությունը չեն ուզում, որ այս դրոշը եւ մարդիկ, որոնց այն ներկայացնում է, գոյություն ունենան, ուստի տարածեք այն։ Կիսվեք տեղեկությամբ, կրթեք, կազմակերպեք եւ մոբիլիզացվեք հանուն Արցախի»,- նշված է գրառման մեջ։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 12 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 12 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 5-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 10 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:
