hetq.am: Վեց կուսակցության ընդդիմադիր դաշինքը Թուրքիայում նախագահական ընտրություններին կներկայանա միասնական թեկնածուով։ Այդ մասին հայտարարել է դաշինքին անդամակցող «Ապագա» կուսակցության առաջնորդ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը՝ ընտրության օրվա հնարավոր տեղափոխման վերաբերյալ։
«Մենք միանշանակ պայմանավորվածություն ունենք միասնական թեկնածուի առաջադրման վերաբերյալ։ Մենք նախագահի մեկ թեկնածու ունենք»,- Halk TV հեռուստաընկերության եթերում ասել է թուրք քաղաքական գործիչը, որը նախկինում Էրդողանի համախոհներից էր և անդամակցում էր իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը։ Ընդ որում, Դավութօղլուն չի մանրամասնել, թե ով կդառնա ընդդիմության միասնական թեկնածուն։
Իշխող «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածուն, որին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ անդամակցում է նաև «Ազգայնական շարժում» կուսակցությունը, գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է։ Նա ընդդիմությանը բազմիցս կոչ է արել հայտարարելու իր թեկնածուի անունը, սակայն վերջինս հրաժարվում է անել Էրդողանի պահանջը, մինչև ընտրության օրվա վերջնական նշանակումը։
Նախօրեին հանդես գալով իշխող կուսակցության ակտիվիստների առաջ՝ Էրդողանը հայտնել էր, որ Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները կարող են տեղափոխվել «սեզոնային պայմանների» պատճառով։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ ընտրությունները կկայանան 2023 թվականի հունիսի 18-ին, սակայն իշխող կուսակցությունում կարծում են, որ այն ավելի շուտ կկայանա, քանի որ հունիսին թուրքական բուհերում քննություններ են, սկսվում են ուսանողական արձակուրդները, իսկ աշխատողներն էլ մեկնում են հանգստի, ինչի հետևանքով ընտրություններին մասնակցությունը կարող է ցածր լինել։