Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ ուղղված Հանրապետության տնտեսավարող սուբյեկտներին։
«Զգուշացնում ենք, որ Արցախում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ պետպահուստից ստացված բոլոր ապրանքատեսակների համար սահմանել մինչև 15%-ի չափով վերադիր:
Տնտեսվարողները, որոնք կկիրառեն ապրանքների իրացման ավելի բարձր գներ, հետագայում կզրկվեն ապրանքների մատակարարումից»,- նշված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել էր Արցախում ստեղծված իրավիճակ,ին ու հայտարարել․ «Չեմ ընդունում էն մարդուն, ով հնարավորություն է ունեցել պայմանավորվել խաղաղապահների կամ մեկ ուրիշի հետ, ուտելիք է բերել ու թանկ գնով վաճառել քաղաքացիներին»։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:
350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է: