Չկա որևէ մեկը, որ կարող է ապացուցել՝ Գագիկ Ծառուկյանը անհատ ձեռներեց է։ Նա ձեռներեց չէ, սեփականատեր է։ Սա հրապարակային հայտարարել է նաև վարչապետը։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՔՈ ՍԴԿ-ի ներկայացրած դիմումին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ։
«Ես չգիտեմ այդպիսի դիմումի առկայության մասին, ամեն դեպքում ցանկացած դիմումատու պարտավոր է պահպանել բարեխղճության սկզբունքը, և եթե հանկարծ պարզվի, որ իր դիմումում նշված հանգամանքներն ակնհայտորեն չեն համապատասխանում իրականությանը, ապա նման դիմումատուներին սպառնում է քրեական օրենսգիրքը՝ ակնհայտ սուտ մատնություն կատարելու մասին»,- ասաց պատգամավորը։
Նրա խոսքերով՝ եթե լրագրողը Գագիկ Ծառուկյանին հարց է տալիս, և նա՝ որպես պատգամավոր, օգտվելով ՀՀ Սահմանադրության այն դրույթից, որ յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունք, այդ հարցին է պատասխանում, ի՞նչն է խնդիրը։ «Էդ դիմումատուները պետք է մտածեն, որ գործ է պետք անել, ոչ թե մեկը մյուսի վրա դիմում տալով փորձեն մարդկանց համար շոու ապահովել։ Էդ դիմում տվողը քանի՞ աշխատատեղ է ապահովել։ Գագիկ Ծառուկյանն այդ նիստին մասնակցել է որպես ԱԺ պատգամավոր ու կատարել է իր պարտականությունները»,- նշեց Գևորգ Պետրոսյանը։
ԲՀԿ պատգամավորը նաև ասաց, որ Ծառուկյանը ձեռնարկատիրությամբ չի զբաղվում․ «Ուզում եմ՝ սա հատուկ արձանագրեք, որ իր բիզնեսները հանձնված են հավատարմագրային կառավարման, ինչը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության ու մյուս օրենքների շրջանակներում է։ Կա՞ որևէ մեկը, որ այսօր կարող է ներկայացնել ապացույց, որ Գագիկ Ծառուկյանը անհատ ձեռներեց է։ Կա՞ էդպիսի մարդ։ Չկա՛։ Էդ մերկապարանոց մեղադրանքներով հանրությանը փորձել կերակրել, անցել են դրա ժամանակները։ Ժամանակն է լծվելու իրական աշխատանքի, ոչ թե բանսարկություններով զբաղվելու»։
Գևորգ Պետրոսյանն ավելացրեց․ «Գագիկ Ծառուկյանը ձեռներեց չի, ինքը սեփականատեր է։ Էս մասին հրապարակային հայտարարությամբ հանդես եկել է նաև բոլորի կողմից շատ սիրված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ստացվում է, որ այդ մարդիկ, որ նման դիմումով են հանդես եկել, անտեսել են նաև վարչապետի գնահատականը»։
Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ը դիմում է ներկայացրել ԱԺ նախագահին ու Գլխավոր դատախազին՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։