Ադրբեջանական լրատվամիջոցները ակամայից վերահաստատել են Արցախի շրջափակման փաստը. ԱՀ դատախազություն

09.01.2023թ. Ադրբեջանի տեղեկատվա-քարոզչական շահերը սպասարկող լրատվամիջոցները տեղեկություն են հրապարակել այն մասին, որ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհի արգելափակման 27 օրվա ընթացքում երկու ուղղություններով իրականացվել է 370 տարբեր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժ, որից 330-ը՝ ռուս խաղաղապահների կողմից, 31-ը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (այդ թվում շտապ օգնության մեքենաներ), իսկ շտապ օգնության 3 մեքենաները՝ «Արցախի բնակիչների կողմից»:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության դատախազությունից, հոդվածի հեղինակը պնդել ու այդ կերպ փորձել էր ցույց տալ, որ իրականում Արցախը շրջափակման մեջ չէ, թեև բերված տվյալները ակնհայտորեն ի ցույց են դրել հակառակը:

Ադրբեջանական թեզի մերկ լինելը փաստելու համար բավարար է ընդամենը երեք վիճակագրական տվյալի բացահայտումը. մինչ Արցախը Հայաստանի հետ կապող միակ՝ Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհն արգելափակելը, 2022թ. նոյեմբեր ամսվա ցուցանիշների համաձայն, ՀՀ-ից Արցախ էր մատակարարվել օրական 380-400 տոննա սննդամթերք և հանրային կարիքների համար նախատեսված այլ ապրանքներ (27 օրում՝ 10.260-10.800 տոննա), «Լաչինի միջանցքով» մեկ ուղղությամբ՝ Հայաստանից Արցախ էր մեկնել օրական միջինը 454 մեքենա (27 օրում՝ 12.258), ավելի քան 1.200 մարդ (27 օրում՝ 32.400): Հատկանշական է, որ հիշյալ ցուցանիշները փոքր են ոչ միայն 2020թ. 44-օրյա պատերազմին նախորդող ժամանակահատվածի, այլև 120.000-անոց բնակչության միջին մակարդակի բարեկեցությունն ապահովելու համար անհրաժեշտ պահանջարկի համեմատությամբ:

Ադրբեջանական լրատվամիջոցները վերոհիշյալ հրապարակմամբ հաստատել են նաև այն, որ 27 օր Արցախի Հանրապետության բնակիչները զրկված են միջանցքով տեղաշարժվելու և Հայաստանի Հանրապետության հետ կապի հնարավորությունից, միջանցքում երթևեկել են բացառապես ռուս խաղաղապահները և ԿԽՄԿ ներկայացուցիչները:

Այսպիսով, վերը բերված վիճակագրական տվյալները և փաստարկները բավականին խոսուն ու պատկերավոր տեսքով արտացոլում են այն ողջ իրականությունը, որը ներկայումս տիրում է Արցախում և որը միջազգային հանրությունից թաքցնելու համար ջանք ու եռանդ չի խնայում Ադրբեջանը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն