Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում արցախահայության համար կատարվել է համընդհանուր աղոթք |armenpress.am|

armenpress.am: Ռեննի արքեպիսկոպոս և քրիստոնյաների միասնության և հուդայականության հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ժամանակավոր հանձնակատար Պիեր դ՚Օրնելլայի առաջարկով հունվարի 8-ին Ֆրանսիայի կաթոլիկ եկեղեցիներում Աստվածահայտնության տոնի առթիվ մատուցված կիրակնօրյա պատարագների ժամանակ արցախահայության համար իրականացվել է համընդհանուր աղոթք։

«Տեր Հիսուս, Խաղաղության իշխան, մեր աղաչանքն ենք հղում Քեզ Լեռնային Ղարաբաղի հայերի համար։ Միջազգային հանրության լռության ներքո նրանք զոհ են բռնությունների, որոնք հանգեցնելու են նրանց բնաջնջմանը։ Բոլորիս մեջ արթնացրու գթասրտություն, որը կարող է օգնել նրանց։ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներին ներշնչիր արդարության և երկխոսության մղում, որպեսզի հարգվեն Լեռնային Ղարաբաղի բոլոր բնակիչների արժանապատվությունն ու հավատը», – նշվել է աղոթքում։

2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում Հայաստանից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ Հայաստանում: 13 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 13 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով