Անհետ կորածների հետ կապված որոնողական աշխատանքներ են տեղի ունենում։ Այո, ոչ բոլոր նահատակների մարմիններն են հայտանաբերվել, բայց ուզում եմ բոլորին հիշեցնել, որ սեպտեմբերի 13-ից հետո մեր 17 ռազմագերիները վերադարձել են Հայաստան, եւ մենք շարունակում ենք ջանքեր գործադրել։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե գերիների վերադարձի ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում։
«Եւ ինչո՞ւ գերիները չեն վերադառնում, Ադրբեջանն ինչո՞ւ գերիներին չի վերադարձնում, հարց չի ծագո՞ւմ։ Որովհետեւ դա լծակ է, չէ՞, Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու, որ Հայաստանի կառավարությունն, այդ թվում ներքին ճնշումների ազդեցության տակ, գնա որոշումների, որոնք չեն համապատասխանում ՀՀ շահերին։ Պարզ չի՞ դա։ Եւ դա արվում է նաեւ եռակողմ հայտարարության խախտումով։
Բայց մենք շարունակելու ենք մեր ջանքերը։ Բավարար ե՞ն էդ ջանքերը, մեր գնահատականն էն է, որ քանի չեն եկել [գերիները], ուրեմն բավարար չեն, ուրեմն այլ հարթություններ է պետք գտնել այդ հարցով զբաղվելու, որպեսզի խնդիրը լուծվի»,- ասաց վարչապետը։
Փաշինյանը նշեց նաև, որ անհետ կորածներ միայն սեպտեմբերից չէ, որ ունենք․ «Ցավոք, 44-օրյա պատերազմից էլ շուրջ 200 անհետ կորածներ ունենք, եւ հիմա մեր գերիների, անհետ կորածների հանձնաժողովը վերակազմավորվել է՝ ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ, եւ աշխատում են։ Գիտեմ, որ եւ գերիների, եւ անհետ կորածների հարազատների հետ հաղորդակցության մեջ են։ Պիտի շարունակենք էնքան, քանի խնդիրը լուծված չէ»,- նշեց Փաշինյանը։