Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը․ Amnesty International

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը։ Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է «Ամնեսթի Ինթերնեշնլ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։

«Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են առանց առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների հասանելիության։

Պետք է ապահովել տուժած բնակչության տեղաշարժի ազատությունը և տնտեսական ու սոցիալական իրավունքների պաշտպանությունը»,- նշված է գրառման մեջ։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 13 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 13 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 6-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 17 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:

Արցախը շրջափակման մեջ է։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն