Պետք է խուսափել իրադրությունը ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից․ Փաշինյանը՝ արցախյան կողմի հայտարարությունների մասին

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը։

«Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջացնքի ապօրինի շրջափակումը սեփական հայրենիքում ապրելու ԼՂ հայության կամքը կոտրելու նպատակ ունի, բայց հավատում եմ, որ այդ կամքը անկոտրում է»,- ասաց նա։

Նա նշեց, որ պետք է որոշակի պատկերացում ունենալ, թե ինչպես պետք է հանգուցալուծվի իրավիճակը․ «Այս հարցում էլ իմ ընկալմամբ ԼՂ ժողովրդի ու իշխանության արձագանքը պետք է լինի ասիմետրիկ։ Ինչ է սա նշանակում․ առաջին հերթին վերջին տարիների զարգացումների, դրանց խորքային իմաստների և պատճառների հետ պետք է առերեսվել այն կտրվածքով, որ իրադարձությունների, իրադրությունների մեր գնահատականները պետք է լինեն փաստահեն։

Այս առումով պետք է խուսափել իրադրությունը էլ ավելի փակուղային դարձնող քաղաքական հայտարարություններից, որովհետև վերջնակետին հասնելու հստակ պատկերացումներով չզուգորդված հայտարարությունները որևէ օգուտ չեն տալիս»։

Հետո Փաշինյանը նաև վերահաստատեց, որ Ադրբեջանի ու ԼՂ միջև պետք է սկսվի քաղաքական խոսակցություն, և ԼՂ գործընկերները պետք է հնարավորություն չտան, որ որևէ մեկը իրենց մեղադրի կառուցողական խոսակցությունը խափանելու կամ նման խոսակցությունն անհնար դարձնելու մեջ։

«Լաչինի միջանցքի փակումը սադրանք է, որի վերջնական նպատակը նոր ռազմական էսկալացիան է, և չպետք է իրականացնել քայլեր, որ ցանկալի են ռազմական էսկալացիայի սցենար մշակողների համար»,- հավելեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի խոսքով՝ այս սադրանքի և էսկալացիայի նպատակներից մեկը Բաքվի և Ստեփանակերտի միջև քաղաքական և պաշտոնական խոսակցության ակնհայտ անհրաժեշտությունը քողարկելն է ու օրակարգից դուրս մղելը․ «Չպետք է արվեն գործողություններ, որոնք նպաստում են այս սադրիչ խնդրի լուծմանը։ Մյուս կողմից մեր դիվանագիտական ծառայությունը, արտաքին կապեր ունեցող մեր բոլոր գերատեսչություններն ու շրջանակները պիտի կրկնապատկեն ջանքերը՝ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի միջազգային տեսանելիությունը մեծացնելու և տարբեր ատյաններում քննարկման առարկա դարձնելու ուղղությամբ»։

Նրա խոսքով՝ այս իմաստով հսկայական աշխատանք է արվել, բայց անհրաժեշտ է ավելին․ «ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի կառավարման հարցում ԼՂ ժողովրդին աջակցելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը, որը ձևավորվել է Հայաստանում, պիտի շարունակի հնարավոր միջոցներ ձեռնարկել առաջացող օպերատիվ հարցերը լուծելու համար»։

Հիշեցնենք, որ Արցախի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել՝ նշելով՝ ասուլիսում ՀՀ վարչապետի հնչեցրած մի շարք պնդումներ և տեսակետներ առաջացրել են մտահոգություններ, քանի որ չեն համապատասխանում ինչպես համազգային պայքարի գաղափարներին, այնպես էլ Արցախի բնակչության և իշխանությունների որդեգրած դիրքորոշմանը:

Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ելույթները հաստատեցին, որ Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է»։

 

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից / մամուլի ասուլիս, 10․01․2022

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն