Բրիտանահայ մարդասիրական խումբը Վեսթմինսթերի առջև ցույց է անցկացրել՝ Արցախում տիրող իրավիճակի մասին իրազեկելու նպատակով |armenpress.am|

armenpress.am: Բրիտանահայ մարդասիրական խումբը 7 ժամ անընդմեջ բողոքի ակցիա է անցկացրել Բրիտանիայի խորհրդարանի շենքի առաջ, որպեսզի բարձրացնի իրազեկությունը Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի տառապանքների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Բրիտանահայ մարդասիրական խմբի անդամների տարածած հաղորդագրությունից:

Լեռնային Ղարաբաղի շրջափակման 30-րդ օրվա կապակցությամբ բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները կոչ են արել միավորել ուժերը հանուն արդարության պայքարելու և իրավիճակին լուծում գտնելու համար:

Բրիտանահայ մարդասիրական խումբը հունվարի 11-ին նաև բաց նամակ է հղել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատին՝ կոչ անելով վերջ դնել Ադրբեջանի կողմից բնիկ հայերի ցեղասպանությանը: Նամակում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի շրջափակումը ադրբեջանական վարչակարգի կողմից մարդու իրավունքների խախտման միակ դեպքը չէ. նրանք բարբարոսաբար տանջել են հարյուրավոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց և շարունակում են մինչ օրս իրենց մոտ պահել հարյուրավոր հայ գերիների՝ խախտելով ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան:

Բրիտանահայ մարդասիրական խումբը բրիտանացի պատգամավորներին կոչ է անում երկրի կառավարության վրա ճնշում գործադրել անմեղ կյանքերը փրկելու և ցեղասպանությանը վերջ դնելու համար:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ, ինչի հետևանքով առկա է սննդի, դեղորայքի պակաս:

350 հիվանդ չի կարողանում բուժում ստանալ ՀՀ-ում: 11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում բուժօգնության կարիք ունեցող և ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ի վթարի պատճառով Արցախի էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով