Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների շարունակական բավարարմանն ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր:
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից: Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ:
Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նշել է, որ էներգամատակարարման հետ կապված բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել և պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեն, որոնք թույլ կտան հնարավորինս երկարաժամկետ ապահովել բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները:
Պետնախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:
Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական ծանր վիճակի և հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին, քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր: Պետնախարարը հանձնարարել է այս խնդրի հետ կապված ևս առաջարկություններ ներկայացնել:
Զեկուցվել է նաև պարենային մի խումբ ապրանքատեսակաների համար կտրոնային համակարգի ներդրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանք իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի:
Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից:
2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։
Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:
11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:
Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, իսկ ինտերնետ կապի մատակարարումն ընդհատված է մալուխի վնասվելու պատճառով։