«Մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանին օգնելու համար». Կիմ Չեն Ըն | azatutyun.am

azatutyun.am «Մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանին օգնելու համար», – հայտարարել է Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը՝ Պեկինում Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի շքերթից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանիպմանը:

«Ես արդեն նշել եմ այս մասին վերջին հանդիպման ժամանակ. եթե կա ինչ-որ բան, որով կարող ենք օգնել Ռուսաստանին, ապա մենք անպայման կանենք դա և կհամարենք դա եղբայրական պարտականություն, մենք կանենք ամեն ինչ Ռուսաստանին օգնելու համար», – Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ նշել է Ընը։

Հյուսիսային Կորեայի ղեկավարը նշելով, որ երկու երկրները համագործակցում են բոլոր ասպեկտներում՝ տարբեր ոլորտներում, հավելել է. «Կարծում եմ, որ մենք պետք է հասնենք ավելի մեծ հաջողությունների, որպեսզի այս ամենը համապատասխանի ժամանակի պահանջներին, ինչպես նաև օգնի մեր ժողովուրդների բարեկեցության բարելավմանը»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Հյուսիսային Կորեայի օգնության համար՝ Ուկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանի արևմուտքում գտնվող Կուրսկի շրջանը «ազատագրելու» համար. «Ցանկանում եմ նշել, որ ձեր զինվորները կռվել են քաջաբար և հերոսաբար։ Ցանկանում եմ նշել, որ մենք երբեք չենք մոռանա ձեր զինված ուժերի և ձեր զինծառայողների ընտանիքների կողմից կատարված զոհողությունները»։

Հարավկորեական հետախուզության տվյալներով՝ 2024 թվականին մոտ 12 հազար, այս տարի էլ ՝ 3 հազար հյուսիսկորեացի զինվոր է ժամանել Ռուսաստան Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու համար։ Սեուլի տվյալներով՝ հյուսիսկորեական կորուստները կազմել են մոտ 4,700 մարդ, այդ թվում՝ 600 զոհ։

 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter