factor.am Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում, անդրադարձել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին։
Նա ISCA News-ի հետ զրույցում նշել է, որ Իրանի կողմից ցանկալի հինգ սկզբունքները, այդ թվում՝ ազգային ինքնիշխանության հարգանքը, սահմանային ամբողջականության հարգանքը, իրավասությունը, փոխադարձությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ներառված են Երևանի և Բաքվի միջև կնքված համաձայնագրում։
Լրատվամիջոցը գրում է, որ Իրանում շատ փորձագետներ և հանրությունը մտավախություն ունեն, որ այս միջանցքի ստեղծումը կսահմանափակի Իրանի անմիջական մուտքը Հայաստան և Հյուսիսային Կովկաս, որը մեծ նշանակություն ունի երկրի ռազմավարական և տնտեսական կապերի համար: Բացի այդ՝ Միացյալ Նահանգների ներկայության և ազդեցության աճը Իրանի սահմանների մոտ «ներկայացնում է ևս մեկ սպառնալիք, որը այս համաձայնագիրը կարող է ներկայացնել Իրանի շահերի և ազգային անվտանգության համար»։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Իրանի նախագահի՝ Երևան կատարած այցի ժամանակ վստահեցրել է, որ Իրանի անվտանգության և տնտեսական բոլոր նկատառումները հաշվի են առնվել, և որ երթուղու լիակատար վերահսկողությունը կմնա Հայաստանի կառավարության ձեռքում: Լրատվամիջոցը նշում է, որ չնայած հավաստիացումներին, դեռևս կասկածներ կան այս համաձայնագրի իրական հետևանքների վերաբերյալ տարածաշրջանի ապագայի և Իրանի դերի համար։
Մասնավորապես, Սոբհանին, խոսելով Իրանի նախագահ Մասուդ Փեշեզքիանի Հայաստան կատարած այցի արդյունքների մասին, ասել է․
«Հաշվի առնելով տարածաշրջանային իրադարձությունների սրումը, նախագահի այցը տեղի ունեցավ ճիշտ ժամանակին և ցույց տվեց, որ Կովկասը հատուկ նշանակություն ունի Իրանի Իսլամական Հանրապետության համար, և չափազանց զգայուն է իր «կարմիր գծերի» նկատմամբ»։
Ընդգծելով, այս ուղևորության ևս մեկ ուղերձը Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունների հատուկ կարևորությունն էր, Սոբհանին ասել է. «Իրանը ցանկանում է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների վերելքի միտումը, և Թեհրանն ու Երևանը, լիակատար փոխըմբռնմամբ, ձգտում են պահպանել լավ և կառուցողական հարաբերություններ: Այցի ընթացքում Իրանի նախագահը շատ կառուցողական բանակցություններ է վարել Հայաստանի վարչապետի հետ, և կես ժամ տևողությամբ նախատեսված զրույցը տևել է ավելի քան երկու ժամ»:
Իրանի դեսպանը ընդգծել է, որ կողմերը համաձայնության են եկել խորացնել հարաբերությունները բոլոր մակարդակներում և շարունակել փոխըմբռնումը երկու երկրների միջև, ուստի այս այցի ընթացքում ստորագրվել է 12 համագործակցության փաստաթուղթ։
Սոբհանիի խոսքով՝ ո՛չ խաղաղության համաձայնագրի փաստաթղթում, ո՛չ էլ Վաշինգտոնում երկու երկրների կողմից ստորագրված հայտարարության մեջ չի հիշատակվում «միջանցք» կոչվող որևէ բան, և միակ քննարկումը եղել է այն տրանսպորտային ուղիների բացման մասին, որոնք Ադրբեջանին կապահովեն Նախիջևան մուտք, իսկ դրա դիմաց Հայաստանի մուտքը երկաթուղով կկապվի Իրանի Ջուլֆայի հետ։
Իրանի դեսպանը նաև ընդգծել է․ «Երկու երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի հայտարարության տեքստում, որի մանրամասները պետք է քննարկվեն երկու երկրների կողմից ապագայում, Իրանի կողմից նախատեսվող հինգ սկզբունքները, այդ թվում՝ ազգային ինքնիշխանության նկատմամբ հարգանքը, սահմանային ամբողջականության հարգանքը, իրավասությունը, փոխադարձությունը և սահմանների անձեռնմխելիությունը, լիովին հաշվի են առնված, ուստի՝ այս մասին անհանգստանալու պատճառ չկա»։
Նա նաև նշել է, որ «Հայաստանը և Միացյալ Նահանգները բանավոր համաձայնության են եկել, այլ ոչ թե գրավոր, գրանցել հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություն Հայաստանում և նշանակել օպերատոր և ներդրող՝ նախագիծն իրականացնելու համար, որը լիովին կորոշվի ՀՀ ազգային ինքնիշխանության և իրավասության շրջանակներում և կկարգավորվի Հայաստանի անվտանգության հսկողության, անձնագրային վերահսկողության և մաքսային ընթացակարգերով։ Համաձայնագրի համաձայն՝ դա կլինի մի տեսակ օպերատորություն, այլ ոչ թե երթուղու սեփականություն»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում