«Վերջին տասնամյակում սա առաջին տարին էր, երբ անձնագրային հերթեր չունեցանք»․ Արմեն Ղազարյան | aravot.am

aravot.am «Անցած տարի այս ժամանակ ամառային ամիսներին բավականին լուրջ հերթեր ունեինք անձնագրային ստորաբաժանումներում, մարդիկ ստիպված էին ամիսներով հերթ կանգնել։ Ի՞նչ վիճակ ունենք այս տարի, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել եւ ի՞նչ հեռանկարներ կան»,- ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Արմեն Ղազարյանն ի պատասխան ասաց․ «Ես կարող եմ արձանագրել, որ վերջին գրեթե մեկ տասնամյակի ընթացում առաջին ամառային պիկային սեզոնն էր, երբ մենք անձնագրերի համար հերթեր չենք ունեցել անձնագրային ծառայություններում։ Պիկային սեզոնը միշտ ընկնում է հուլիս-օգոստոս ամիսներին, մենք ունեցել ենք դեպքեր, երբ անձը հերթագրվում էր տվյալ օրը եւ տվյալ օրը կարողանում էր տալ իր անձնագրի համար դիմում»։

Ղազարյանը հավելեց, որ ծանրաբեռնվածություն կա նույնականացման քարտերի առումով, որը հիմնականում պայմանավորված է հայտարարագրման համակարգում էլեկտրոնային ստորագրությունների ակտիվացման անհրաժեշտությամբ։ «Բայց այստեղ էլ հավելյալ գործիքակազմեր ենք կիրառում, մասնավորապես, եթե անձը օնլայն հերթագրված է, բայց արդեն սպասարկվել է որեւէ մարզային ստորաբաժանումում, այդ հերթագրումները վերացնում ենք՝ հավելյալ տեղեր ազատելով։ Անձնագրերի մասով կարող եմ վստահ ասել, որ վերջին տասնամյակում առաջին տարին էր, երբ մենք անձնագրային հերթեր չենք ունեցել մեր տարածքային ստորաբաժանումներում»,- հավելեց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց, որ ԻԴ քարտ ստանալու համար մեծ հերթեր են․ «ԻԴ քարտս ճաքել է, ստիպված պիտի վերանորոգեմ, մի երեք-չորս օր առաջ օնլայն հերթագրման համար ինձ համակարգը թույլ տվեց միայն նոյեմբերի 28-ին հերթագրվել, այսինքն՝ 3 ամիս հետո»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն