ԵՄ-ի հետ ասոցացման պարագայում Հայաստանին սպասվում է այլ սակագնային ռեժիմ. ՌԴ փոխվարչապետ | hetq.am

hetq.am Հայաստանն իրավունք ունի ինքնուրույն որոշում կայացնել Եվրամիության հետ իր ինտեգրման հեռանկարների վերաբերյալ, սակայն Երևանում պետք է հասկանան, որ դա կնշանակի ՌԴ-ի հետ առևտրում սկզբունքորեն այլ սակագնային ռեժիմ։ Ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Եթե այսպես շարունակվի, ապա ստիպված կլինենք որոշում կայացնել՝ վերագնահատել այդ երկրի նկատմամբ մեր տնտեսական քաղաքականությունը։ Դա Հայաստանի իրավունքն է՝ որոշել, թե որտեղ պետք է լինի։  Բայց նրանք նաև հասկանում են, որ այդ ժամանակ սակագնային ռեժիմն իրենց համար այլ կլինի, այդ ժամանակ մենք մեր երկրների միջև ապրանքների ազատ տեղաշարժ չենք ունենա, ու անմաքս առևտուր չի լինի»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

Նա ընդգծել է, որ դա «բավական ցավոտ» կարող է հարվածել Հայաստանի արտադրողներին, հատկապես գյուղատնտեսության ոլորտում։

«Շուկայի առանձնահատկություններն այնպիսին են, որ նրանց արտադրանքը պահանջված է Ռուսաստանում։ Այդ երկրին շրջապատող բոլոր երկրները ոչ խաղողի, ոչ ծիրանի, ոչ էլ այլ մրգերի ու բանջարեղենի հետ կապված խնդիրներ չունեն։ Նրանք այդ ամենն ունեն։ Ռուսաստանը Հայաստանի համար առաջնային շուկա է։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի շուկան ողողելու են ԵՄ ապրանքները, ինչը քիչ շանսեր է թողնելու հայկական բիզնեսի զարգացման համար։  Հավանաբար, այդ գործոնները նրանք ևս պետք է գնահատեն, ու նրանք կանեն դա»,- հավելել է Օվերչուկը։

ՌԴ փոխվարչապետը նշել է, որ ԵՄ-ին Հայաստանի միանալու պարագայում կարող են խնդիրներ առաջանալ նաև ավիափոխադրումների ոլորտում, երբ արդեն մի քանի տարի ԵՄ-ի և ՌԴ-ի երկինքը փակ է միմյանց համար, ինչպես նաև անդրսահմանային բեռնափոխադրումների ոլորտում:

«Կլինեն այլ գներ և՛ էներգիայի, և՛ սննդի համար, որոնք այսօր Հայաստանը՝ որպես մեր դաշնակից, ստանում է Ռուսաստանից։ Այդ երկիրը կկորցնի նաև իր հարևան Իրանի հետ ազատ առևտրի գոտու առավելությունները։ Շատ հետևանքներ կարող են լինել, դրանք պետք է հասկանալ և գնահատել։ Սա շատ վատ սցենար է, առաջին հերթին սովորական մարդկանց համար, մենք դա չենք ուզում, ուստի մենք անկեղծորեն խոսում ենք դրա մասին»,- թեման եզրափակել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter