«Կոլապս չեղավ»․ Ավինյանը՝ սեպտեմբերյան խցանումների մասին | civilnet.am

civilnet.am Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ 2025-ի սեպտեմբերի սկզբին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խցանումների միջինացված մակարդակը նվազել է։ Այս մասին քաղաքապետարանի սեպտեմբերի 8-ի նիստում հայտնեց տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը՝ հիմք ընդունելով «Յանդեքս»-ից ստացված տվյալները։

«Վերջին շրջանում կատարված երթևեկության կազմակերպման փոփոխությունները, ինչպես նաև դպրոցներում դասաժամի մեկնարկի հետ կապված կայացրած որոշումներն իրենց դրական ազդեցությունն են ունեցել Երևանի խցանումների մակարդակի վրա»,- ասաց նա։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մեկնաբանելով տվյալները, նշեց․ «Այնպիսի տպավորություն չի ստեղծվում, որ կոլապս եղավ»։ Ըստ Ավինյանի՝ իրավիճակը բարելավելու համար ամեն տարի պետք է հավելյալ միջոցներ ձեռնարկել։

«Երևանը նախևառաջ պետք է հարմար լինի հետիոտնի, հետո՝ հեծանվորդի, այնուհետև՝ հանրային տրանսպորտի և միայն ամենավերջում՝ ավտոմեքենաների համար»,- ընդգծեց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի քաղաքապետարանը պետք է ծրագրեր իրականացնի Փոքր կենտրոնում մայթերն ու հեծանվուղիներն ավելացնելու ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter