Ընտանիքում բռնություն գործադրած անձի համար կսահմանվի պարտավորություն՝ կրելու էլեկտրոնային հսկողության միջոց. նախագիծ | 1lurer.am

1lurer.am Մեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:

Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

Հիմնական զեկուցող, ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնեց՝ այստեղ ըստ էության մեկ դրույթ է սահմանվում, որով պարտավորություն է սահմանվում բռնարարի համար՝ կրել էլեկտրոնային հսկողության միջոցները, որոնք սահմանվել են նախորդ փոփոխություններով:

«Ըստ այդմ՝ մենք այստեղ սահմանում ենք պարտավորությունը բռնարարի հանդեպ և Քրեական օրենսգրքում էլ սահմանում ենք պատասխանատվություն՝ այդ միջոցը չկիրառելու համար: Օրենքի փոփոխություններն առաջարկում ենք ուժի մեջ դնել 2026 թվականի մարտ ամսից»,- տեղեկացրեց Ղազարյանը:

Բռնություն գործադրած անձի կողմից Էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Ըստ Ղազարյանի՝ իրավախախտին կարող է սպառնալ մինչև 1 տարվա ազատազրկում:

«Քրեական օրենսգրքում է սահմանված փոփոխությունը»,- հայտնեց ՆԳ նախարարի տեղակալը:

Նա ամփոփ վիճակագրություն ներկայացրեց 2025 թվականի 5 ամիսների տվյալների վերաբերյալ, հայտնեց՝ նման գործերով կիրառվել է նախազգուշացման 234 դեպք, անհետաձգելի միջամտության՝ 701 դեպք, հաշվառման մեջ է գտնվում 1917 անձ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն