armenpress.am Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ դեռ պետք է տեսնել, թե ինչպես կաշխատի Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՌԴ ԱԳ նախարարն այդ մասին ասել է ՄԳԻՄՕ-ի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման ժամանակ։
Լավրովն ասել է, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ պայմանավորվածությունները ծագել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020-2022 թվականների ընթացքում ստորագրված փաստաթղթերից։
Նա շեշտել է, որ, չնայած դրան, Հայաստանն ու Ադրբեջանը որոշել են խաղաղության համաձայնագիրը նախաստորագրել Վաշինգտոնում՝ հավելելով, որ դա նրանց ինքնիշխան իրավունքն է։
«Պետք է տեսնել, թե ինչպես սա կաշխատի, քանի որ Վաշինգտոնում հանդիպումից հետո առաջին մի քանի օրերին մեր լսած ոգևորված ակնարկները փաստաթղթերի հրապարակումից հետո ինչ-որ կերպ փոխվեցին սկեպտիկ գնահատականների, քանի որ, ինչպես պարզվում է, այնտեղ ամեն ինչ չէ, որ համաձայնեցված է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։