Հայաստանը հայ-թուրքական սահմանների բացման հապաղման որևէ պատճառ չի տեսնում․ Ռուբինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանը չի տեսնում որևէ պատճառ, թե ինչու Թուրքիան պետք է հապաղի սահմանների բացման և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցում։

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Ես չեմ տեսնում պատճառ, թե ինչու պիտի Թուրքիան հապաղի այս հարցում, համենայն դեպս, հայկական կողմից որևէ հապաղման խնդիր չկա։ Մենք պատրաստ ենք հենց վաղը ունենալ բաց սահմաններ և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Ի դեպ, բավականին վերջերս Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատեցինք, և դա նույնպես շատ նշանակալի իրադարձություն է։ Հույս ունեմ՝ Թուրքիայի հետ նույնպես նման քայլի կգնանք»,-ընդգծեց Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական կամքի առկայության դեպքում շատ արագ հնարավոր է իրականացնել գործընթացը։

«Մեր կողմից այդ կամքը միանշանակ կա, և համոզված եմ, որ կարճ ժամանակում հնարավոր է հասնել մեծ արդյունքների»,- հավելեց Ռուբինյանը։

Նա նշեց, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է առանց նախապայմանների։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ գործընթացը ընթանում է առանց նախապայմանների։ Մենք էլ մեր կողմից որևէ նախապայման չունենք և կարծում ենք, որ շատ արագ հնարավոր է ունենալ բաց սահման և հաստատված դիվանագիտական հարաբերություններ։ Այդ ուղղությամբ աշխատելու ենք»,-եզրափակեց Ռուբինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter