2025-ի անցած 8 ամսում 12-ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 3,6 տոկոս. ԿԲ նախագահ | 1lurer.am

1lurer.am  Խորհրդարանը քննարկում է ՀՀ ԿԲ-ի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:

Հիմնական զեկուցող, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ տարեկան հաղորդումը ներառում է երկու փաստաթուղթ՝ 2025 թվականի 1-ին եռամսյակում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրի հաղորդումը և 2024 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաղորդումը:

Անդրադառնալով 2024-ի զարգացումներին՝ ներկայացրեց այն մակրոտնտեսական միջավայրը, որն ընկած է ԿԲ-ի կողմից կառուցված մակրոտնտեսական սցենարների և 2025-ի դրամավարկային քաղաքականության ծրագրի հիմքում:

Ըստ Գալստյանի՝ 2024-ին Հայաստանում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն՝ պայմանավորված գերազանցապես ծառայությունների, շինարարության և առևտրի ոլորտներում արձանագրված բարձր աճերով:

«Այդուհանդերձ, երկրորդ կիսամյակից դիտվել է տնտեսական ակտիվության որոշակի դանդաղում, և տնտեսական աճը մոտեցել է գնահատվող երկարաժամկետ կայուն մակարդակին՝ 2024 թվականի համար կազմելով 5,9 տոկոս: Հաշվետու ժամանակահատվածում համախառն պահանջարկը ճշգրտվել է, ևս մոտեցել իր կայուն մակարդակին»,- հայտնեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ տասներկուամսյա գնաճը 2024-ի տարեվերջին կազմել է 1,5 տոկոս, իսկ 12-ամսյա բնականոն գնաճը՝ 0,9 տոկոս:

«Կցանկանայի ընդգծել այն փաստը, որ 2025-ից մենք գնաճի նպատակային ցուցանիշը իջեցրել ենք 4 տոկոսից 3 տոկոսի»,- նշեց նա:

Անդրադառնալով 2025 թվականի դրամավարկային քաղաքականության հեռանկարներին՝ ասաց՝ 2025-ի սկզբից Հայաստանում տնտեսական ակտիվությունը պահպանվել է երկարաժամկետ կայուն աճի գնահատվող մակարդակի շուրջ, իսկ վերջին ամիսներին դիտվում է նաև աճի արագացման միտումներ:

«Տարվա ընթացքում տնտեսական աճին շարունակել է մեծապես նպաստել նաև շինարարության ճյուղի բարձր աճը: Այնուամենայնիվ, տարեսկզբից արձանագրված տնտեսական աճի բարձր տատանողականությունը կրում է որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ»,- ասաց Գալստյանը՝ նկատելով, որ միաժամանակ, խթանման ռիսկերը պահպանվում են:

«Այս զարգացումների պարագայում 2025-ի համար տարբեր կազմակերպությունների և ֆինանսական շուկայի մասնակիցների կողմից ՀՀ տնտեսական աճը գնահատվում է 4,9-5,3 տոկոս միջակայքում, թեև վերջին ամիսներին զարգացումները տարվա արդյունքում ավելի բարձր աճի ձևավորման ազդակներ են պարունակում: Բնականաբար, ստեղծված իրավիճակը լի է մեծ անորոշություններով և ռիսկերով»,- նշեց ԿԲ նախագահը:

Ներկայացնելով այս տարվա սկզբին ձևավորված գնաճային միջավայրը՝ հայտնեց՝ 2025-ի անցած 8 ամսում 12-ամսյա գնաճը ձևավորվել է նպատակային ցուցանիշից որոշակի բարձր մակարդակում՝ օգոստոսին կազմելով 3,6 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային պարենի և առանձին տատանողական բաղադրիչների գների աճով:

«Տարեսկզբին սպասումներին համահունչ են աճել նաև կարգավորվող ծառայությունների` մասնավորապես տրանսպորտի սակագները: Այս ամենին զուգահեռ, հիմնարար գնաճի տեսանկյունից հարաբերական կոշտ գներով բնութագրվող ոչ արտահանելի ապրանքների գնաճը պահպանվել է համեմատաբար կայուն մակարդակում՝ վերջին ամիսներին ձևավորվելով 2-2,5 տոկոս շրջանակում: Այս պայմաններում գնաճային սպասումները ևս շարունակել են նվազել՝ մոտենալով թիրախային մակարդակին, որին նպաստել է երկար ժամամակ պահպանվող կայուն գնաճային միջավայրը:

Դրամավարկային քաղաքականության ծրագրում ներկայացվող սցենարների համաձայն՝ ֆինանսական շուկաների մասնակիցների կողմից 2025-ի համար 12-ամսյա գնաճը գնահատվում է 3 տոկոսի շրջակայքում»,- տեղեկացրեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև