Արցախի ԱԺ նախագահը չի բացառում խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը |artsakhpress.am|

artsakhpress.am: Ստեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարման նպատակով Արցախում խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում:

Հարցին՝ արդյո՞ք եթե խորհրդարանական և նախագահական ընտրություններ կայանան, նա կառաջադրի իր թեկնածությունը, Թովմասյանը պատասխանեց, որ, հաշվի առնելով իր քաղաքական փորձն ու անցած ճանապարհը, դա միանշանակ հնարավոր է համարում: 

«Թե՛ արտահերթ խորհրդարանական, թե՛ արտահերթ նախագահական ընտրություններին որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու անպայման կմասնակցեմ՝ իհարկե, խորհրդակցելով առաջին հերթին մեր քաղաքական ուժի և հանրային լայն շրջանակների հետ»,- ասել է Արթուր Թովմասյանը։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ։

Շրջափակման պատճառով ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ․ առկա է սննդի, դեղորայքի պակաս:

11 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 8 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում․ 3-ը ծայրահեղ ծանր վիճակում են։ Այս օրերի ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 19 հայ և 4 օտարերկրացի է միայն Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ, իսկ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Հունվարի 10-ից վթարի պատճառով Արցախում էլեկտրամատակարարումն իրականացվում է տեղական սահմանափակ ռեսուրսի միջոցով, ինտերնետ կապը վերականգնված է։

Արցախը 34 օր է՝ շրջափակման մեջ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն