Պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնարկման լիազորող նորմ է սահմանվում | armenpress.am

armenpress.am Կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնությամբ պետական փաստաթղթաշրջանառության և օրենսդրության մեջ թարգմանված և փոխառված հասկացությունների ու հատուկ անունների կանոնարկման լիազորող նորմ է սահմանում:

«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այս փաթեթով մենք փորձել ենք կարգավորել այն հարցերը, որոնք ունեն առաջնային անհրաժեշտություն: Խոսքը եզրույթների կանոնարկման գործընթացի մասին է: Առաջարկում ենք առանձին լիազորող նորմ սահմանել պետական փաստաթղթաշրջանառության մեջ կիրառվող եզրույթների կանոնարկման գործընթացի համար՝ համապատասխան մասնագիտական հանձնաժողովի ձևավորման և այս գործընթացի կազմակերպման միջոցով»,-ասաց Անդրեասյանը:

Նա ընդգծեց, որ այս ընթացքում բազում են եղել իրավիճակները, երբ երկրի համար կարևորագույն գործընթացներում հասկացությունների սահմանման և դրանց միատեսակ օգտագործման կարևորագույն խնդիր է եղել, որը կապված է ամենատարբեր բնագավառների հետ:

Պատգամավոր Գեղամ Նազարյանը նկատեց՝ պաշտոնական հանդիպումներում անգամ հայերենը ոտնահարվում է, պատգամավորները, նախարարները խոսում են ռուսերեն կամ անգլերեն, այնինչ նրանք պետք է խոսեն հայերեն, իսկ թարգմանությունը պետք է ապահովվի:

Նախարարը կարևորեց բարձրացված հարցը:

«Լեզվական քաղաքականության հայեցակարգը ներառում է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպես հայերենը որպես պետական լեզու սահմանելն է, թե ինչ է նշանակում: Մենք որևէ փաստաթղթում չունենք ձևակերպված, թե պետական լեզու ասելով՝ ինչպիսի գործնական իմաստ ենք դնում դրա մեջ և ինչպես ենք պատկերացնում դրա իրացման մեխանիզմները»,-ասաց Անդրեասյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև