Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև կա համագործակցության ամուր հիմք. ՔԿ նախագահն ընդունել է Մաքսիմ Լոնգանգեին

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել Մաքսիմ Լոնգանգեին՝ ԵԽ-ի կողմից Հայաստանի իրավապահ համակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

ԵԽ նախագահը նույնպես շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախագահին՝ պատրաստակամության և բազմաբնույթ համագործակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են քննիչների կարողությունների զարգացման ծրագրերը, անդրադարձ է կատարվել համագործակցության խորացման ուղղություններին, մասնավորապես՝ կիբեռհանցագործությունների կանխարգելման և բացահայտման, երեխաների և անչափահասների պաշտպանութան համակարգի կատարելագործման, Քննչական կոմիտեում նորանոր տեխնոլոգիաների ներդրման վերաբերյալ:

Կողմերն արձանագրել են, որ Քննչական կոմիտեի և ԵԽ գրասենյակի միջև կա համագործակցության ամուր հիմք՝ նոր նախաձեռնությունների համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել քննիչների մասնագիտական կարողությունների կատարելագործման ուղղությամբ համատեղ դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև