Վարչապետը հայտնեց պաշտպանական ծախսերը 2026-ին 2025-ի համեմատ նվազելու պատճառը | armenpress.am

armenpress.am Հայաստանի կառավարությունը 2025 թվականին պաշտպանական ծախսերը անհամաչափ, կտրուկ բարձրացրել է, դրանով է պայմանավորված, որ հաջորդ տարի՝ այս տարվա նկատմամբ պաշտպանական ծախսերի աճ նախատեսված չէ:

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հիշեցրեց վարչապետի՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունը՝ 2026 թվականին պաշտպանական ծախսերի էական ավելացում, հնարավոր է, որ չլինի կամ ընդհանրապես ավելացումներ չլինեն: Պատգամավորը պարզաբանում խնդրեց այս հայտարարության առնչությամբ:

«2025 թվականին 2024 թվականի բյուջեի համեմատությամբ մենք ունեցել ենք պաշտպանական ծախսերի անհամաչափ մեծ աճ: Եվ մենք իրականացրել ենք էական պաշտպանական ծախսեր: Այդ ծախսերի մի մասը մենք ուղղել ենք ապագա պարտքերի, պարտավորությունների մարմանը՝ այդ թվում պաշտպանության ոլորտում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունը նպատակահարմար է գտել այն պարտքերը, որոնք պետք է, օրինակ, 2030 կամ 2035–ին մարվեին, ավելի վաղ մարել ու նվազեցնել պարտքային բեռը:

«Ֆինանսական հնարավորություն ենք տեսել, կոնսոլիդացրել ենք ու այդ պարտքը հիմա ենք փակել: Եթե այդ պարտքի կտորն ամբողջ խոսակցությունից հանենք և վերցնենք թվերը՝ սրանից դուրս, կունենանք պաշտպանական ծախսերի այն բնականոն աճը, որը մենք ի սկզբանե պլանավորել էինք՝ գուցե մի փոքր էլ ավելի:Եթե այս տրամաբանությամբ ենք նայում, միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2026 թվականի պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ 2024 թվականի նկատմամբ: Եթե 2025–ին պաշտպանական ծախսերի 115 մլրդ դրամի կտրուկ, անհամաչափ աճը չլիներ, մենք կունենայինք 2023, 2024, 2025, 2026 թվականների բնականոն աճ: Այն, որ 2026-ին 2025–ի նկատմամբ չենք նախատեսում պաշտպանական ծախսերի աճ, այլ նվազում է նախատեսվում, կապված է առաջին հերթին դրա հետ»,-պարզաբանեց վարչապետը:

2026-ին պաշտպանական ծախսերի նվազեցման համար կան նաև այլ գործոններ, որը վարչապետը կարող է խորհրդարանի հետ կիսվել դռնփակ ռեժիմով:

«Այն քաղաքականությունը, որը մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը, խնդիր չի առաջացնում, այլ ընդհակառակը՝ մենք բնականոն զարգացման պրոցեսի մեջ ենք: Եվ այդ բնականոն զարգացումը շարունակվելու է»,- վստահեցրեց Փաշինյանը:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ